Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու․ Անդրանիկ Քոչարյան

Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու։ Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը։

«Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Մեր երկիրն այն վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը։ Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը պահում է ոչ թե շենքերը, այլ պետականությունը և նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»,- նշել է Քոչարյանը։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակով առաջարկել էր ապստամբությամբ վերցնել իշխանությունը․ «Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»,- ասել էր Մանուկյանը:

Անդրանիկ Քոչարյանը կարծիքով՝ Վազգեն Մանուկյանի ելույթը նույնությամբ կրկնում էր նոյեմբերի 10-ի գործողությունների քաղաքական առաջադրանքը։

«Նոյեմբերի 10-ին կայծակնային արագությամբ Ազգային ժողովի և Կառավարության շենքերը գրավեցին, հետո՞, մյուս օրը ի՞նչ արեցին։ Պարզապես հարվածի տակ ընկան այն մարդիկ, որոնք չգիտես ինչի, ում հրամանով դուրս էին եկել, գրավում էին շենքերը։ Հիշա շատ կարևոր է ճշտել, թե այդ հրահանգը որտեղից եկավ, ոնց էդ հրոսակախմբերը մի վայրկյանում, դեռ չհրապարակված հրադադարի փաստաթուղթը, նրանք արդեն պատրաստ գիտեին՝ ուր պետք էր գնալ և ում ման գալ։ Վազգեն Մանուկյանի ելույթը նույնությամբ կրկնում էր այդ գործողությունների քաղաքական առաջադրանքը։ Դա պետք է մերժել»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Մեկնաբանել