ՀՀ գլխավոր դատախազությունը ամփոփել է անցյալ տարվա բացահայտած տնտեակամ բնույթի հանցագործությունների բացահայտման աշխատանքները։ 2020-ին քննվել է նմանաբնույթ 1 045 քրեական գործ, որը 2019-ի ցուցանիշից պակաս է 105-ով։ 2020-ի քրեական գործերով, որոնք հասել են դատարան, դատապարտվել է 21 անձ, որոնցից 8-ը՝ ազատազրկման։ Տնտեսական բնույթի հանցագործություններով 2020-ին բացահայտվել է 12 մլրդ դրամի վնաս, վերականգնվել է 2 մլրդը։
2020թ. արձանագրվել է հանցագործությունների թվի ընդհանուր նվազում: ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10 տոկոսով նվազ է 2019թ. համեմատ (931):
2020թ. վարությում քննվել է նշված բնույթի 1 045 քրեական գործ: Այս ցուցանիշը 2019թ․ համեմատ պակաս է 155-ով:
Չնայած դրան՝ տնտեսական բնույթի գործերի առումով նախաքննական մարմինների և դատախազության ծանրաբեռնվածությունը չի նվազել, ինչի վկայությունն է այն, որ նախորդ տարվանից 2021թ. է փոխանցվել շուրջ 23 տոկոսով ավելի անավարտ քրեական գործի վարույթ, քան 2019-ից 2020թ. տեղափոխվածները: Բացի այդ, չնայած վարույթում քննված գործերի քանակական նվազմանը, 2020թ. նախորդող տարվա համեմատությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16-ով ավելի քրեական գործ, իսկ դատարանում քննվել և ավարտվել է գրեթե նույնքան գործ, որքան նախորդող տարվա ընթացքում: Վերջիններիս արդյունքում դատապարվել է 21 անձ, որոնցից 8-ը՝ ազատազրկման»,- նշում է դատախազությունը։
2020թ. տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաքննության, դատաքննության ընթացքում ավարտված վարույթներով, ինչպես նաև տարվա ընթացիկ քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ ՀՀ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ ՀՀ դրամը:
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2020թ. ընթացքում տարբեր գործերով ընդհանուր 13,5 մլրդ ՀՀ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա:
«Քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով դատախազության ստորաբաժանումների կողմից քրեադատավարական կարգով դատարան ներկայացված հայցադիմումներով բավարարվել է ընդհանուր մոտ 4,6 մլրդ ՀՀ դրամ՝ հօգուտ պետբյուջեի բռնագանձելու պահանջով, որոնք բավարարվել են»,- նշում է դատախազությունը։