Արցախում ռուսերենի պաշտոնական կարգավիճակը միայն ռուս զինվորականությա՞նն է ուղղված

Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու նախագծով։ ՍիվիլՆեթը թեմայի շուրջ քննարկում է կազմակերպել, որին մասնակցել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, օրենսդրական փոփոխության համահեղինակ Մետաքսե Հակոբյանը, Հայաստանի Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ռուսերենի պաշտոնական կարգավիճակն ուղղված է ռուս զինվորականությանը

Մետաքսե Հակոբյանը նախագծի պատճառներից մեկը համարում է Արցախում ռուս խաղաղապահների առկայությունը, քանի որ հարց է առաջացել՝ ինչ լեզվով է պետք շփվել նրանց հետ։

«Ըստ մեր Սահմանադրության և նաև Լեզվի մասին օրենքի՝ պաշտոնական գրությունները և շփումը պաշտոնատար անձանց միջև օրենքի խախտումով էին ուղեկցվում։ Քննարկումների արդյունքում անդրադարձ եղավ այն հարցին, որ միգուցե կատարվի օրենսդրական փոփոխություն, որպեսզի բերենք դա ավելի օրինական դաշտ։ Կարծես թե, որևէ մեկի մտքով չէր անցնում, որ ամիսներ շարունակ այդ շփման արդյունքում խախտվել է օրենք, և ամիսներ անց, երբ անդրադարձ եղավ դրան օրենսդրական փոփոխության տեսքով ավելի բուռն դարձան քննարկումները և ավելի շատ սկսեցին հակառակ հիմնավորումները, քան այն ժամանակ, երբ խախտվում էր այդ օրենքը»,- պարզաբանում է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա հինգ տարիներին ռուս խաղաղապահներից շատերը ընտանիքների հետ բնակություն կհաստատեն Արցախում, և շփումը կընդլայնվի, բայց պաշտոնական շփումը «պետք է լինի օրենքին համապատասխան»։

Մետաքսե Հակոբյանը, միևնույն ժամանակ, նշում է, որ համաձայն չէ նախագծի ներկայիս խմբագրության հետ։

«Բանավոր ձևով ասել եմ, որ ես համաձայն չեմ այս խմբագրությանը, և ավելի տեղին կլինի, եթե խմբագրությունը լինի հետևյալ կերպ՝ պահելով օրենքի նախորդ ձևը, որ ԼՂՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է, այնուհետև ավելացվի, որ կարող է գրական հայերենի հետ մեկտեղ օգտագործվել նաև ռուսերենը»,- ասում է նա։

Պատգամավորը նշում է, որ իրենց խմբակցությունը փոփոխություններ է ներկայացրել կառավարությանը և մարտի սկզբին պատասխանի է սպասում։ Եթե դրանք հաշվի չառնվեն, իր անունը չի լինի համահեղինակների ցանկի մեջ։

Ոչ թե պաշտոնական, այլ ազգամիջյան հաղորդակցության լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին

Շրջանառության մեջ դրված նախագծի հետ համաձայն չէ նաև Հայաստանի Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Նա կարծում է, որ այն ամբողջովին հավասարության նշան է դնում ռուսերենի և հայերենի միջև։ Գյուրջինյանն առաջարկում է ռուսերենին Արցախում տալ ոչ թե պաշտոնական, այլ ազգամիջյան հաղորդակցության լեզվի կարգավիճակ։

«Մեզ իբրև սփոփանք մնում է այն, որ նշված է, թե ԼՂՀ պետական լեզուն հայերենն է, բայց բոլոր հոդվածներում, նույնիսկ այնտեղ, որտեղ նշվում է, թե ԼՂՀ-ն խրախուսում է հայերեն հրատարակությունները, մամուլը ինչպես նաև հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը, այստեղ սրանց կողքին ավելացել է ռուսերենը»,- նշում է Գյուրջինյանը։

Նա չի ընդունում փաստարկը, որ նախագիծը միայն ռուս զինվորականության հետ շփմանն է ուղղված։

«Սրա հետ բոլորովին չի առնչվում, երբ ասվում է, որ գեղարվեստական ֆիլմերի, մուլտֆիլմների և այլնի լեզուն պիտի լինի հայերենը, հիմա այստեղ կողքին դրվում է ռուսերենը։ Առնվազն տարօրինակ է, երբ հայ պաշտոնյայից մենք պահանջում ենք ռուսերենի անաղարտությունը պաշտպանել, նույնիսկ հայերենի անաղարտությունն ենք դժվար ստանում պաշտոնյաների խոսքից, ուր մնաց հայկական պետությունը պահանջի իր պաշտոնյայից ռուսերենի անաղարտությունը պահպանել»,- բացատրում է նա։

Գյուրջինյանի խոսքով՝ ազգամիջյան հաղորդակցության լեզու հասկացությունը կիրառվում է այն դեպքում, երբ որևէ տարածքում ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչները ընտրում են լեզուն՝ իբրև հաղորդակցության միջոց։

«Բնական է, որ ռուս զինվորականությունը հայերենին չի տիրապետում և չի էլ կարողանա իմանալ, և այդ լեզուն կարող է լինել ռուսերնեը, ընդամենը ադքանը։ Երբ ասվում է նաև, որ հնարավոր է, որ նրանք նաև այդտեղ բնակվեն ընտանիքներով, լրիվ բավարարում է այդ իրողության մեջ ռուսերենին այդպիսի կարգավիճակ տալ, միայն պաշտոնական շփումների և գործավարութան առումով այդ կարգավիճակը կարող է բավարար համարվել»,- շեշտում է Գյուրջինյանը։

Նրա կարծիքով՝ օրենքի ընդունումը աղետալի կլինի, հետևանքները տխուր կլինեն, քանի որ ՀՀ Լեզվի մասին օրենքը և դրա հիման ձևավորված, Արցախի Լեզվի մասին օրենքը ունեն պարտադրանքի տարր, քանի որ հայ հասարակությունը հայտնի է իր օտարամոլությամբ։

Պատրաստեց Լուսինե Վարդանյանը

Մեկնաբանել