Բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է․ Նիկոլ Փաշինյան

Ժամանակակից քաղաքակրթության համաձայանությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է․ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարությունում խորհրդակցության ժամանակ։

«Այդ պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքները լինեն կառավարելի:

Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք:

Հետևաբար, Շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն է և դա ապահովելը»,- ասել է Փաշինյանը։

***

Կառավարության փետրվարի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «ուզենք թե չուզենք՝ հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում»։

2019-ի օգոստոսին լիբանանյան ELARD ընկերությունը հրապարակեց Հայաստանի կառավարության պատվերով Ամուլսարի ոսկու հանքավայրում իրականացրած փորձաքննության արդյունքները, որտեղ նշվում էր, որ սեյսմիկ վտանգի ռիսկերը մեծ են ծրագրի տարածքի համար։ 

Բնապահպանները պնդում են, որ Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի բնապահպանական ծանր հետևանքների, այդ թվում՝ Ջերմուկի և Սևանա լճի ջրերի աղտոտմանը։ 

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արտոնելու կամ դադարեցնելու Հայաստանի կառավարության վերջնական որոշումը մինչ այսօր հայտնի չէ։ Իր հայտարարություններից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են, կպաշտպանի այդ նախագիծը։ Եթե պարզվի, որ ռիսկերը կառավարելի չեն, չի պաշտպանի այն»։