Մի խումբ ծնողներ փորձել են խոչընդոտել զինծառայողների վերադարձը զորամասեր․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել փետրվարի 23-ին զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել փետրվարի 23-ին զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Մասնավորապես, համացանցում տեսանյութ էր տարածվել, որը վերանագրված էր․ «Զինվորներին ստիպողաբար նստեցրել են ավտոբուսները և տարել Արցախ»։

Ըստ ՊՆ-ի՝ մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։

«Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։ Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունը դատապարտում է տեղի ունեցածն ու քաղաքացիներին հորդորում ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններ հրահրելուց։