Կիմ Չեն իրի թոռը Ֆեյսբուքում ծաղրել է պապի իդեալները

Հյուսիսային Կորեայի հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի տասնվեցամյա թոռը՝ Կիմ Խան Սոլը, Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ժողովրդավարական կառավարումը գերադասում է կոմունիստականից: Ինչպես հաղորդում է BBC-ն, Ֆեյսբուքի՝ ըստ ամենայնի Կիմ Խան Սոլին պատկանող էջում վերջինը տեղադրել է իր նկարները, որտեղ նա տիպիկ արևմտյան թինեյջեր է՝ ներկած մազերով, ականջօղերով և նորաոճ ակնոցով:

Ֆեյսբուքի իր մասին պատմող հատվածում Կիմ Չեն Իրի թոռը նշել է, որ ամերիկյան կինոյի և օրիգինալ կենսաձևի սիրահար է:

Հարավկորեական լրատվամիջոցներում այս տեղեկատվության հրապարակումը լուրջ արձագանք է առաջացրել, որից հետո Կիմ Խան Սոլի էջը Ֆեյսբուքում անհետացել է: