Պակիստանն արգելափակել էր Twitter-ը` Մուհամեդի ծաղրանկարների պատճառով

Twitter-ի արգելափակման մասին հայտարարել էր Պակիստանի հեռահաղորդակցային վարչության ղեկավար Մոհամեդ Յասինը: Նրա պարզաբանմամբ` այս որոշումը հաջորդել է այն բանին, երբ Իսլամաբադը ստացել է կայքի ղեկավարության մերժումը` իր էջերից հեռացնելու Մուհամեդ մարգարեի` Facebook սոցցանցում անցկացվող ծաղրանկարների մրցույթի գովազդը:

Յասինի խոսքով` Facebook-ի ղեկավարությունը, այդուհանդերձ, համաձայնել է հաշվի առնել համանման մրցույթի «սրբապղծության» հանդեպ առկա բողոքները, իսկ Twitter-ինը` ոչ: Յասինը նշել է, որ կայքը հասանելի կլինի պակիստանցիների համար այն դեպքում, երբ վիրավորական հաղորդագրությունները հեռացվեն: Պաշտոնյան նաև հավելել է, որ ծառայության արգելափակման մասին որոշման հեղինակը Պակիստանի ներքին գործերի նախարարությունն է:

Նշենք, որ 2010թ. մայիսին Պակիստանը մոտ երկու շաբաթով արգելափակել էր Facebook, Twitter, YouTube ինտերնետային ծառայությունները և ևս մոտ հազար կայք: Պակիստանի իշխանությունների այս որոշման պատճառը ինտերնետային ռեսուրսների, նրանց կարծիքով, վիրավորիչ բովանդակությունն էր: