Նիկոլ Փաշինյանը ազատել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ու նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին զբաղեցրած պաշտոններից

Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ու նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին։ ԶՈՒ ԳՇ վերջին հայտարարությունը նա ռազմական հեղաշրջման փորձ է որակում։ 

«Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա ու փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ես ինքս պատասխանեմ, բայց եկել ենք մի փուլի, որտեղ մեր որոշ բարձրաստիճան պաշտոնյաների չենք կարող հարցեր տալուց խուսափել։ Եթե ուզում ենք պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց մեր սիրելի գեներալներին դուր չի գալիս, որ կառավարությունը կարող է իրենց հարցեր ունենալ մի քանի դրվագի վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«ԳՇ պետին ազատելու համար անհրաժեշտ թղթերը ստորագրել եմ ու ընթացքի մեջ է։ Առաջիկայում ԳՇ պետի նոր պետ ու տեղակալ կնշանակվի, պաշտպանության նախարարին հրահանգված է կատարել իր ծառայողական պարտականությունները»,- ասաց վարչապետը։