Բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում դադարեցնել ակցիաները, եկեք երկխոսակցություն սկսենք․ Փաշինյան

Բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում դադարեցնել ակցիաները, եկեք սկսենք խոսակցություն։ Եթե շարունակեն հանրահավաքները, մենք էլ կշարունակենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքին իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք թավիշին վերջ ենք դնելու։ Ես գիտեմ, որ դուք ամենաշատը դա եք ուզում լսել։ Դա նշանակում է օրինականության միարժեք հաստատում։ Ժողովուրդը գիտի, որ պարտության պատճառը բանակը թալանածներն են։ Նրանք ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք գող։ Ես ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ թավիշին վերջ չենք տվել»,- հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո Կառավարությունը ցանկանում էր արտահերթ խորհրդարանաան ընտրություններ անցկացնել, որպեսզի «ժողովուրդը վերահաստատի իշխանությունը», սակայն, ըստ վարչապետի՝ 17 կուսակցություններն ու խորհրդարանական ընդդիմությունը մերժեցին առաջարկը։

«Նրանք մերժեցին՝ ասելով, որ ո՛չ, ժողովուրդը չպետք է որոշի, էլիտաները պետք է հավաքվեն ու որոշեն, թե ով պիտի լինի վարչապետ։ Մենք դա թույլ չենք տալու։ Մենք կարող էինք միանձնյա գնալ ընտրությունների, բայց այդ քաղաքական ուժերը ասում են՝ այդ 2000 տեղամասերում «դեբոշներ» կանեն։ Ով վեր է կենում, հրաժարական է պահանջում։ Թող ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդը ինձ դատապարտի, գնդակահարի։ Մենք ասել ենք՝ բոլորը շանս պիտի ունենան, բայց մեզ թիկունքից խփել են՝ դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են ու պատերազմի ժամանակ էլ ամեն օր նրանք երազում էին մեր բոլորիս պարտությունը։ Մենք ամեն ինչ արել ենք հաղթանակի համար, իսկ նրանք երազել են պարտության համար, դրա համար էլ մտնում էին զինվորների մեջ ու ասում՝ կռիվն անիմաստ է, փախեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ զինված ուժերում ստեղծված իրավիճակը պիտի հանգուցալուծվի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականով։

«Ես հեռախոսազրույցում նախագահին ասել եմ, որ ԳՇ ազատումների իմ միջնորդությունը պիտի ստորագրվի, եթե չի ստորագրում, միանում է հեղաշրջմա՞նը։ Ես հիմա հետահայաց հասկանում եմ, որ հարյուր տոկոս վստահությամբ եմ վերաբերվել Օնիկ Գասպարյանին։ Օնիկ Գասպարյանը թող հրաժարական տա, գնա։ Զինված ուժերի զինվորներ, սպաներ, գեներալներ, խնդրում եմ, ակնկալում եմ, պահանջում եմ՝ զբաղվեք ձեր ծառայությամբ։ Օնիկ Գասպարյանը հեռանում է, ես որոշել եմ ու այդ որոշումը պետք է կյանքի կոչվի։ Իսկ Օնիկ Գասպարյանը հեռանում է կամ նախագահն է ստորագրում հրամանագիրը, որովհետև նա չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ, ես դա թույլ չեմ տալու»,- նշել է Փաշինյանը։

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։

Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության հրապարակում։

Մեկնաբանել