ԳՇ պետի ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ, իսկ նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ անթույլատրելի է. նախագահի աշխատակազմ

ԳՇ պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ, իսկ նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ անթույլատրելի է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել հանրապետության նախագահի աշխատակազմը՝ արձագանքելով գլխավոր շտաբի պետի ազատման առաջարկի վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին։

Հայտարարությունում ասվում է, որ Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության՝ ունի եռօրյա ժամկետ իր դիրքորոշումն արտահայտելու համար:

«Նախագահը, ելնելով պետական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, մինչ օրս սկզբունքային առարկություններ չի ունեցել պաշտոնատար անձանց նշանակման և ազատման հարցում: Սակայն, ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, վերը նշված հայտարարությունից հետո, զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, զինված ուժերն ապահովում են Հայաստանի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Նախագահի աշխատակազմը նաև անթույլատրելի է համարում նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ:

«Ստեղծված իրավիճակում որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Նախագահը որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի կողմից չէ, երբևէ չի եղել և չի պատրաստվում լինել: Նախագահն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես պետության ու ժողովրդի շահերով: Նախագահ Սարգսյանը կարևորում է կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը երկրում և շարունակելու է ամեն ինչ անել այդ ուղղությամբ՝ համոզված լինելով, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, և ոչ թե առճակատման միջոցով: Նախագահն այս պահի առաջնահերթ խնդիրն է համարում երկրում առկա լարվածության թուլացումն ու իրավիճակի անցնցում հանգուցալուծումը, և նրա բոլոր գործողություններն ուղղված են դրան»,- ասված է հայտարարության մեջ։

Հանրապետության նախագահի աշխատակազմը նաև տեղեկացնում է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո:

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարել էր, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ։ Վարչապետն ասել էր, որ «երեկ և այսօր ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ու նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին»։

Մեկնաբանել