Պուտինը Փաշինյանի հետ զրույցում Հայաստանում ճգնաժամի բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա տեղեկացմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում։ Պուտինը հանդես է եկել Հայաստանում կարգուկանոնի և հանգստության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին։ Ռուսաստանի ղեկավարը նաև զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին»,- նշել է Պեսկովը:

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։

Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության հրապարակում։

Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել դադարեցնել ակցիաները և առաջարկել է խոսակցություն սկսել։

Մեկնաբանել