Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914-ին Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Այնուհետև այն դարձել է ավանդական և ամեն տարի մայիսի վերջին Թբիլիսիում նշվել է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր:
Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության և «Սայաթ-Նովա» մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում աշուղ-բանաստեղծի երգերի երկրպագուները նախ քայլերթով անցել են Սայաթ-Նովա փողոցով, ապա միացել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարակից այգում՝ մեծ քնարերգուի հուշարձան-աղբյուրի մոտ հավաքված քաղաքացիներին: Խորհրդանշական մեկական վարդով հարգանքի տուրք մատուցելով Սայաթ-Նովայի հիշատակին` ներկաները մեկ անգամ ևս փաստել են այն մեծ դերակատարումը, որ ունեցել է նա հայ երգարվեստի զարգացման գործում:
Միջոցառումների շրջանակում Սայաթ-Նովայի հուշարձան-աղբյուրի մոտ հնչել են քնարերգուի ստեղծագործությունները ժողովրդական երգիչ-երգչուհիների, գուսանական, ժողովրդական համույթների կատարմամբ: