Տղամարդը անհետ կորած զինծառայողի հորից 15 000 դոլար է վերցրել՝ որդուն իբր վերադարձնելու դիմաց

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հերթական անգամ բացահայտել է զինծառայողի հարազատներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք։

«Վ. Ղ.-ն` տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հ. Ա.-ն մասնակցելով 44-օրյա պատերազմին` անհետ կորել է, 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Ա. Ա.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես օտարերկրյա պետության որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձնավորություն: Ա. Ա.-ի հետ հանդիպումների ընթացքում Վ. Ղ.-ն նրան հայտնել է, թե իբր ճշտել է, որ որդին գտնվում է Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ այլ երկիր, իսկ այնուհետ Հայաստան տեղափոխելը կազմակերպելու համար անհրաժեշտ է տալ 30 000 դոլար՝ արտերկրում գտնվող իր վստահելի անձանց: Միաժամանակ, Ա. Ա.-ին մոլորեցնելու նպատակով Վ. Ղ.-ն հայտնել է, թե իբր նշված գումարից 15.000 ԱՄՆ դոլարը վճարվելու է «Սպիտակ խաչ» նախաձեռնության կողմից, իսկ մնացած 15.000 ԱՄՆ դոլարը պահանջել է Ա. Ա.-ից: Հափշտակության նպատակը քողարկելու համար Վ. Ղ.-ն 2021 թվականի փետրվարի 22-ին Ա. Ա.-ին առաջարկել է նշված գումարը նոտարական կարգով ձևակերպել որպես վերջինիս կողմից իրեն պարտքով տրվող գումար»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ ծառայության՝ տղամարդը անհետ կորած զինծառայողի հորից նշված 15.000 ԱՄՆ դոլարը ստանալու ժամանակ բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Նա ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել է։