Արցախում վերսկսվել են որոնողական աշխատանքները

Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջեբրայիլ) ուղղություններում: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ծառայությունից նշում են, որ զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների արդյունքում հայտնաբերվել են 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Արցախում որոնումները դադարեցվել էին փետրվարի 15-ից՝ ադրբեջանական կողմի պահանջով:

Փետրվարի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում արտգործնախարար Արա Այվազյանն ասել էր, թե ինչու է  Ադրբեջանն արգելել դիերի որոնողական աշխատանքների իրականացումը. «Դա բացատրվում է եղանակային վատ պայմաններով և վստահ եմ, որ մոտ օրերս, եղանակի բարելավման պայմաններում աշխատանքները կվերսկսվեն»,- նշել էր նա։