Փաշինյանը հաղթեց փողոցում, բայց տանուլ տվեց պետությունը

Մարտի 1, երեկոյան Երևան, բազմահազարանոց ցույց և երկրի ղեկավար, որը վայրկյանների ընթացքում վերածվում է ապստամբ հեղափոխականի՝ պատերազմում ջախջախիչ պարտությունից հետո և պետական ինստիտուտների ընդվզման պայմաններում ցուցադրելով քաղաքական կենսունակության հրաշքներ: Զուգահեռաբար Բաղրամյան պողոտայում «Փաշինյան, դավաճան» կարգախոսով ևս մեկ հանրահավաք էր ընթանում։

Այն, որ Հանրապետության հրապարակը որակապես տարբերվում էր 2018-ի հրապարակից, անվիճելի է: Անհնար էր չնկատել, որ փոփոխություններ ու բարեփոխումներ պահանջող երիտասարդներին հիմնականում փոխարինել էին Փաշինյանի մեջ ուղղակի իրենց ուժը տեսնող, հիմնականում բարձր տարիքի մարդիկ: Չենք պնդում, բայց հավանաբար նրանց մեջ քիչ չեն եղել մարդիկ, որոնք ժամանակին «խրախուսման» տարբեր ձևերով քվեարկել են այս կամ այն քաղաքական ուժի օգտին:

Նախկինում ամորֆ թվացող այդ զանգվածը, որը երազում էր ժողովրդի ծոցից դուրս եկած ղեկավարի մասին, այժմ զգացել է իր ուժը և դրա իրացումը տեսնում է Փաշինյանի միջոցով: Հենց այս էմոցիոնալ կապը ժողովրդի հետ մշտապես կենդանի է պահում Փաշինյանը՝ չցանկանալով կամ չկարողանալով մտնել պետական գործչի, կառավարչի դերի մեջ:

Հանրահավաքի ժամանակ Փաշինյանն ամբողջությամբ մտել էր հեղափոխականի կաշվի մեջ և քաղաքական էքստազի հասցնող գերէմոցիոնալ ելույթով ղեկավարում էր հավաքվածներին այնպես, ինչպես ուզում էր: Կախված Փաշինյանի հայտարարություններից՝ մարդիկ մերթ ուրախ բացականչում էին, մերթ փնովում նրա հակառակորդներին, երբեմն էլ լռում՝ էլի Փաշինյանի կոչով:

Ավելի քան մեկ ժամ տևած ելույթի ժամանակ միայն մեկ անգամ նա խոսեց որպես պետական գործիչ՝ ներողություն խնդրելով իր և իր թիմի կատարած սխալների համար: Վարպետորեն կարճ ձևակերպված այդ հայտարարությունը տարրալուծվեց Փաշինյանից անդադար հորդող հույզերի և դրանք հիացած ընդունող ցուցարարների բացականչությունների մեջ:

Իսկ այն, ինչ խոսվեց ըստ էության, դուրս էր ռացիոնալության տիրույթից: Մարտի 1-ի գործը, ըստ Փաշինյանի, բացահայտված է, սակայն ապացույցները (կրակած պարկուճներ, 10 մարդու սպանության հանգամանքներ) չկան: Բանակը, որի ղեկավար կազմին գրեթե ամբողջությամբ Փաշինյանն է նշանակել, շարունակում է ենթարկվել «մերժված Սերժ Սարգսյանին»:

Գերագույն շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, որը նոյեմբերի 9-ի կապիտուլյիացիայից հետո փաստացի փրկեց Փաշինյանին քաղաքական և ֆիզիկական հաշվեհարդարից, անվանեց «դավաճան», դրեց Սերժ Սարգսյանի հետ նույն շարքում: Միևնույն ժամանակ նշեց՝ «Գասպարյանը դեռ կարմիր գծեր չի հատել»: Թե ինչեր են թաքնված հակասական այս մտքերի հետևում՝ հավանաբար գիտի միայն դրանք արտահայտողը:

Մի բան ակնհայտ է՝ Փաշինյանն այդ հայտարարությամբ արհեստականորեն բարձրացնում է Սերժ Սարգսյանի ազդեցությունը պետական համակարգում և վարկաբեկում բանակը:

Նախագահի դերի մասին Փաշինյանը խոսեց Օնիկ Գասպարյանի՝ «դավաճան» լինելուց անմիջապես հետո: Արմեն Սարգսյանին փաստացի դրեց «դավաճանի» և «փրկչի» միջև անցնող եզրագծի վրա: Իսկ որպես բոնուս՝ իր լիազորությունների սահմանափակ լինելուց մշտապես բողոքող նախագահին փաստացի խոստացավ իշխանության կարկանդակից մի կտոր՝ խոսելով հոկտեմբերին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման և կիսանախագահական համակարգին վերադառնալու հնարավորության մասին:

«Այս գործընթացը (կիսանախագահական համակարգին վերադառնալու – խմբ.) մենք պիտի իրականացնենք Ազգային ժողովի, կառավարության, հանրապետության նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում», – խոստացավ Փաշինյանն իր ելույթում:

Անգամ արտահերթ ընտրությունների մասին խոսեց ոչ թե որպես իրավիճակից ելքի տարբերակ, այլ մարտահրավեր, որ նետում է քաղաքական հակառակորդներին: Արդեն իսկ պարզ է, որ արտահերթ ընտրությունները ոչ թե լարվածության թոթափման, այլ Փաշինյանի իշխանության վերահաստատման միջոց են լինելու:

Գրեթե ոչ մի խոսք բարեփոխումների, պետական իստիտուտների փլուզման դեմն առնելու, հակառակորդների հետ խոսելու ու պայմանավորվելու, պետությունը հետ հավաքելու մասին: Ու սա Արցախի մեծ մասի կորստի և Հայաստանի անվտանգության համակարգի ամբողջական խաթարման պայմաններում: Անգամ եթե Օնիկ Գասպարյանը հրաժարական տա, արդյոք սա ճգնաժամի հանգուցալուծո՞ւմ է: Չէ՞ որ հայտնի հայտարարությունը միայն Օնիկ Գասպարյանի ցանկությունը չէր, այլ բանակից եկող խորքային հակազդեցության ցուցիչ: Ինչպե՞ս է վարչապետը խոսելու բանակի հետ՝ անգամ Գասպարյանի հրաժարականից հետո:

Բավական է մտնել պետական կառույցներ և հրապարակման ոչ ենթակա զրույցներ վարել, հարցուփորձ անել՝ հասկանալու համար առայժմ ծպտյալ ինստիտուցիոնալ անհնազանդության կամ դժգոհության ծավալները: Իրավիճակն այնքան անկանխատեսելի է, որ ցանկացած պետական կառույց կամ դրա ղեկավար կարող է դառնալ «սև նժույգ»՝ դուրս գալով վարչապետի դեմ:

Իսկ մենք տեսնում ենք ամբոխավարություն և դրա միջոցով պետական ինստիտուտների վրա ազդելու փորձ: Սերժ Սարգսյանից «ժառանգած» սուպերվարչապետական լիազորություններով օժտված պաշտոնյան պետությունը կառավարելի պահելու և պետական ինստիտուտներին հնազանդեցնելու միայն մեկ եղանակ է կիրառում՝ հանրահավաք ու երթ: Նրա համար մշտապես ինչ-որ մեկը մեղավոր է՝ լինի Ռոբերտ Քոչարյանը, Հրայր Թովմասյանը, թե Օնիկ Գասպարյանը:

Մի բան երեկ հստակ էր․ դատելով ընդդիմության և իշխանության հանրահավաքների թվաքանակի և հուզական ֆոնի տարբերություններից՝ կարելի է արձանագրել, որ Փաշինյանը հաղթեց փողոցում: Փաշինյանը հաղթեց փողոցում, սակայն տանուլ տվեց պետությունը:

Մեկնաբանել