Փաշինյանն ու Մարուքյանը կհանդիպեն, կքննարկեն ընտրությունների հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան կքննարկեն արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

«Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը, առաջարկել է հանդիպում՝ քննարկելու այն ամենը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք: Ես համաձայնություն եմ տվել: Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք: Երբ կհանդիպենք, կքննարկենք ամբողջությամբ բոլոր առաջարկները և ինչ եզրահանգում կլինի՝ դուք կիմանաք»,- ասաց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը։

Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ հանդիպմանը վարչապետից Օնիկ Գասպարյանի հասցեին հնչող մեղադրանքները փաստող ապացույցներ է պահանջելու։

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես խորհրդարանական խմբակցության ղեկավար, ապացույցներ եմ պահանջելու վարչապետից, որ ոչ թե ինձ ներկայացնի, այլ հրապարակի այդ ապացույցները»,- ասաց նա։

Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է իր ազդեցությունը օգտագործելով՝ դրդել Օնիկ Գասպարյանին գնալ իր և կառավարության հրաժարականը պահանջելու քայլին․ «Այսօր ձեզ հայտնի քաղաքական ուժերը փորձում են ԶՈւ-ին դրդել, տանկերը հանել ժողովրդի դեմ, բայց դա տեղի չի ունենա, ընդհակառակը՝ ԳՇ հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։ Այն ԳՇ պետը, որը անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների դրդմամբ, ՀՀ-ն նման ԳՇ պետ չի կարող ունենալ»,- ասել էր Փաշինյանը։

Վարչապետն ասում է, որ գլխավոր շտաբի պետի հեռացումն անխուսափելի է, սակայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկել էր արտահերթ ընտրությունների գնալ առանց դրա։ Հարցին, թե բանակ-կառավարության հակադրության թեման քննարկվելու է վարչապետի հետ հանդիպմանը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Մեր նախապայմանը բանակին հանգիստ թողնելն էր, մենք ցնցումների մեջ չընկնենք բանակի հետ հակադրության պատճառով։ Մենք քաղաքական գործիչներով գնանք ընտրությունների, բանակը քաղաքականության հետ ի՞նչ կապ ունի։ Վարչապետն իր հայտարարությունն է արել, ես էլ իմ հայտարարությունն եմ արել, բանակցություններն ինչի համար են, բանակցում են, որ գնան կոմպրոմիսների»։

Մեկնաբանել