Չստորագրելով՝ ազատել զբաղեցրած պաշտոնից Օնիկ Գասպարյանին․ Արմեն Սարգսյանի հայտարարության պարզաբանումը

Մարտի 2-ին հանրապետության նախագահի աշխատակազմը տեղեկացրեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Նախագահի հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց․ հասկանալի չէ՝ Օնիկ Գասպարյանն ի վերջո ազատվո՞ւմ է զբաղեցրած պաշտոնից, թե՞ ոչ, և ի՞նչ հարցով է նախագահը դիմում Սահմանադրական դատարան։ Պարզաբանումը՝ ստորև։

Հանրապետության նախագահը, ստանալով վարչապետի պատասխանը, ուներ երկու տարբերակ՝ կամ ստորագրել համապատասխան ակտը կամ դիմել Սահմանադրական դատարան:

Արմեն Սարգսյանը չի ստորագրել այն, միաժամանակ չի էլ վիճարկվել այդ ակտի սահմանադրականությունը, այլ առանձին դիմումով դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության հարցը որոշելու համար․ վերոհիշյալ դիմումը հրամանագրի հետ առնչություն չունի։

Սա նշանակում է, որ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը օրենքի ուժով մարտի 4-ից կազատվի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից՝ ըստ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ կետի։

Հոդված 139.

Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները

1. Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:

2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

***

Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտապի պետ Օնիկ Գասպարյանը և շուրջ քառասուն այլ բարձրաստիճան սպաներ կոչ արեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ՝ նշելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:

Նույն օրը վարչապետ Փաշինյանը միջնորդագիր ներկայացրեց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու մասին։

Նախագահը չստորագրեց և վերադարձրեց այն վարչապետին՝ առարկություններով, վարչապետը այն կրկին վերադարձրեց նախագահին։

Մարտի 2-ին նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը, միևնույն ժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել