Ֆրանսիայի նախագահին կոչ է արվում վերջ դնել Թուրքիայի`ԵՄ անդամակցության արգելափակմանը

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը մի կետ ևս պետք է ավելացնի իր դժվար առաջնահերթությունների ցանկում, այն է` վերջ տալ երկրի կողմից Թուրքիայի` ԵՄ անդամակցության բանակցությունների արգելափակմանը, ինչը պետք է անի անմիջապես: Այս մասին գրել է Bloomberg-ի խմբագրականը:

Թերթի համաձայն` Թուրքիայի` ԵՄ անդամակցությունը նոր կյանք կբերի եվրոպական ընտանիքին և կնպաստի նրա տնտեսական բարգավաճմանը:

2004-ին ԵՄ-ը համաձայնել է Թուրքիային հնարավորություն տալ անդամակցելու Եվրոպական միությանը, եթե կարողանա ընդունել ավելի քան 100 հազար էջից բաղկացած ԵՄ օրենսդրությունը և անդամակցության այլ պայմաններ: Այդ թվականից ի վեր 35 բանակցային կետից 19-ի չիրականացման համար արգելափակվել է Թուրքիայի անդամակցությունը: Թուրքիան ԵՄ պատմության մեջ միակ երկիրն է, որի անդամակցությունն այս ձևով արգելափակվել է:

Դրա համար կան բազմաթիվ պատճառներ, այդ թվում` Կիպրոսի խնդիրը, որը Թուրքիայի կողմից չճանաչված ԵՄ անդամ երկիր է: 2007-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիայի` ԵՄ-ին վերջնական անդամակցությունն արգելափակել էր հինգ պահանջի չկատարման համար: Bloomberg-ի համաձայն` քանի դեռ կա այդ որոշումը, Թուրքիան շատ քիչ պատճառ ունի Կիպրոսի հարցում փոխզիջման գնալու համար: Սարկոզին շատ հստակ ասել էր, թե Թուրքիան աշխարհագրորեն Եվրոպայի մաս չէ և նրան չի պատկանում:

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի`Թուրքիան մարդու իրավունքների խախտման մեղադրանքներով գլխավորում է 47 երկրների շարքը 1959-2011թթ.:

Bloomberg-ը գրել է, որ Օլանդի հաղթանակը Թուրքիայում նշվել է այնպես, ինչպես` Ֆրանսիայում: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իր շնորհավորական նամակում մաղթել է, որ «Օլանդի վարչակարգը նկատի առնի Թուրքիայի համար զգայուն հարցերը և նպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը»: