Air France-ը հերքել է կրճատումների մասին լուրերը

Air France-ի ղեկավարությունն այս տեղեկատվությունն անվանել է «ոչ ճիշտ», իսկ լրագրողներին՝ «պանիկյոր», հաղորդում է Reuters-ը։

«Ներկայում մենք որևէ բանակցություն չենք վարում հնարավոր կրճատումների շուրջ։ Դրանք ընդամենը ասեկոսեներ են»,- Reuters-ին պարզաբանել է Air France-ի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներում օրերս տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ֆրանսիական ամենամեծ ավիափոխադրողը մտադիր է ընթացիկ տարվա հունիսի վերջից մինչև հուլիսի սկիզբը կադրային կրճատումներ կատարել։ Նշվում էր, որ դրանց նպատակը «անձնակազմի արտադրողականության բարձրացումն է և աշխատանքի կազմակերպման ճկունության ձեռքբերումը»։ Ավիաընկերության աշխատակիցներն աշխատանքից հեռացվելու էին՝ «սեփական ցանկության համաձայն» ձևակերպմամբ։

Կադրային կրճատումներին պետք է նախորդեին արհիմությունների հետ բանակցությունները։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ անձնակազմի կրճատումները չէին անդրադառնալու ավիափոխադրողի Britair և Regional մասնաճյուղերի աշխատակիցների վրա։

Նշենք, որ Air France-ը հիմնվել է 1933թ. հոկտեմբերին։ Աշխատակիցների ընդհանուր թիվը 58,5 հազ. է։ 2004թ. ավիաընկերությունը միավորվել է KLM-ի հետ։ Միավորված ընկերության կենտրոնակայանը Փարիզում է։ Air France-KLM-ը թռիչքներ է իրականացնում 254 ուղղությամբ աշխարհի 124 երկիր։ Աշխատակիցների ընդհանուր թիվը 102 հազ. է։