Նախագահը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010թ. Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, ներկայանում է արտգործնախարարի մակարդակով: Հայաստանի անմիջական հարևան այս երկու երկրները Չիկագոյում ներկա են նախագահների մակարդակով:   

Չիկագոյում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տեղի հայ համայքի հետ հանդիպման ընթացքում բացատրել է, թե ինչու է նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելուց: «ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը, չնայած Լիսաբոնյան հռչակագրի [նկատի ունի ՆԱՏՕ-ի 2010 թ. Լիսաբոնի հռչակագիրը- Թ. Հ.] համեմատությամբ որոշակի փոփոխության, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից: Այդ ձևակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ-ի շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին և որոշումներին: Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլև վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա: Հաշվի առնելով այս մտահոգությունը` Հայաստանի նախագահը որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը»,- ասել է Նալբանդյանը:

Ավելի վաղ Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը շեշտել էր, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, որը նաև Հայաստանի ազգային անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչներից է, բայց պաշտոնական Երևանը կարևորում է իր համար կենսական խնդիրների շուրջ ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտնող ձևակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը: «ՆԱՏՕ-ի լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների լուծման նախկին ընդհանրացված ձևակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ-ի կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին [տարածքային ամբողջականությանը – Թ. Հ.] վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»,- ասել է Արզումանյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի Չիկագո չմեկնելը նրա նախագահության չորս  տարիների արտաքին քաղաքական հերթական սխալն է և Հայաստանի դիվանագիտության պարտության ընդունումը: Նեղացածի կեցվածք ընդունելը և ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բոյկոտելը Հայաստանին դիվանագիտական որևէ շահ չի բերելու: Հայաստանի արտաքին քաղաքականություն իրականացնողները նախ պետք է անեին հնարավորը, որպեսզի ղարաբաղյան հարցում հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումը տեղ չունենար, ինչը, անշուշտ, դյուրին գործ չէ, բայց եթե անգամ անզոր են եղել, ապա նախագահ Սարգսյանը չպետք է հրաժարվեր, այլ պիտի մեկներ Չիկագո և պայքարեր մինչև վերջին պահը:

Ինչպես Լիսաբոնի գագաթաժողովում, այս անգամ ևս հայկական կողմի համար անընդունելի ձևակերպման հիմնական հեղինակն ու ոգեշնչողը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, որի հետ Հայաստանը 2009թ. հոկտեմբերին ստորագրեց երկու արձանագրություն:

Չորս տարի շարունակ Հայաստանի արտաքին քաղաքականություն իրականացնողները թմբկահարում են և ամենամեծ ձեռքբերում համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության կողմից պարբերաբար հնչեցվող այն տեսակետը, որ լուծման ճանապարհին հավասարապես կարևորվում են Հելսինկիի եզրափակիչ ակտի բոլոր երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշումը և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառումը:  

ՆԱՏՕ-ն Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը չէ, որ նրա կողմից ղարաբաղյան հարցով ընդունված որոշումներին Հայաստանի իշխանությունները անտարբերությամբ մոտենան: ՆԱՏՕ-ն ոչ միայն աշխարհի հզորագույն ռազմաքաղաքական միավորումն է, այլ նրա կարևորագույն անդամ երկու պետություններ՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահությունն են ներկայացնում: Հայ դիվանագետները նախագահ Սարգսյանի գլխավորությամբ պիտի հենց Չիկագոյում դռներ ծեծեին ու անքուն գիշերներ անցկացնեին: Ու եթե բոյկոտը վերջին կրակոցն է, ապա դա պիտի արձակվեր հենց ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամբիոնից, այլ ոչ թե ամերիկահայերի հետ հանդիպման ընթացքում՝ արտգործնախարարի շուրթերով: Աշխարհի առաջատար որևէ լրատվամիջոց չի անդրադառնալու արտգործնախարար Նալբանդյանի այն բացատրությանը, թե ինչու է նախագահ Սարգսյանը բոյկոտում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, մինչդեռ եթե Հայաստանի նախագահը ներկա լիներ, կարող էր այդ կարևոր հարթակն օգտագործել՝ դժգոհելով ՆԱՏՕ-ի որդեգրած ոչ հավասարակշիռ կեցվածքի դեմ: Ահա այս դեպքում է հնարավոր, որ միջազգային լրահոսում հայտնվեր Հայաստանն ու նրա կարծիքը: