Լիբանանում իրավիճակը սրվում է

Բախումները կիրակի` գիշերը, և այսօր` վաղ առավոտյան, եղել են սիրիական իշխանությունների հետ սրված հարաբերություններ ունեցող Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի «Մուստակբալ» շարժման աջակիցների ու պրո-սիրիական Հեզբոլլահի հետ մոտ «Արաբական շարժում» կուսակցության համակիրների միջև: Շուրջ հինգ ժամ տևած բախումներում զոհվել է երեք մարդ, վիրավորվել ավելի քան տասը:

Բախումների պատճառը Լիբանանի հյուսիսային Ակկար քաղաքում «Մուստակբալ» շարժման տոնակատարությանը մասնակցելու մեկնող Սուննի հոգևորական Ահմադ Աբդուլ Ուահադի և նրա թիկնապահի սպանությունն է. նրանց վրա կրակ է բացվել բանակի անցակետում չկանգնելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է լիբանանյան բանակի աղբյուրը: Լարվածությունը Ակկարից շուտով փոխանցվել է Տրիպոլի, Բեյրութ և այլ շրջաններ: Խնդիրները հիմնականում կապվում են Սիրիայում ավելի քան մեկ տարի տեղի ունեցող դեպքերի հետ, որոնք պայմանավորված են լիբանանյան խմբավորումների պրո-ասադական կամ ընդդիմադիր ուժերի հանդեպ համակրանքով:

Ըստ Լիբանանի ազգային լրատվամիջոցի`երկուշաբթի` առավոտյան, բանակի ուժերը կարողացել են «զգուշավոր խաղաղություն» հաստատել հյուսիսային Տրիպոլիում, Բեյրութում և այլ տարածքներում:

Անցյալ շաբաթ Լիբանանի հյուսիսում կրկին սիրիական դեպքերի հետ առնչվող բախումներից զոհվել էր 11 մարդ, վիրավորվել` տասնյակ:

ԱՄԷ-ն, Կատարը և Բահրեյնը այսօր կոչ են արել իրենց քաղաքացիներին խուսափել Լիբանան մեկնելուց, խորհուրդ են տվել նրանց, ովքեր արդեն Լիբանանում են, հեռանալ այդ երկրից տիրող լարված իրավիճակի պատճառով:

Ըստ տարբեր հայկական լրատվամիջոցների` տուժածների մեջ հայեր չկան:

Լիբանանի քաղաքական ուժերը խաղաղություն պահպանելու կոչ են արել: Նրանք դատապարտել են բանակի անցակետում Սուննի հոգևորականի սպանությունը: Իսկ այսօր սոցիալական ցանցերում պատերազմի և բռնությունների դեմ միտինգ կազմակերպելու մասին հայտարարություններ են տարածվում Լիբանանի քաղաքացիական հասարկության և տարբեր անկախ երիտասարդական շարժումների նախաձեռնությամբ: