Դեռ հոսպիտալացված է փուչիկների պայթյունից 33 տուժած. ԱՆ

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի` մայիսի 21-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 33 քաղաքացի:

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Երևանի Ազատության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ պայթած փուչիկների վառվող կտորները, դեսուդեն ցրվելով, տարբեր աստիճանի այրվածքներ էին պատճառել 154 մարդու: Հոսպիտալացվել էր 114-ը: Հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում ոստիկանությունը շարունակում է ստուգել մի շարք վարկածներ: Բարձրացված խնդիրը, թե ինչով էին լիցքավորված փուչիկները, եթե միակ թույլատրվող (անվտանգ և վերամբարձ ուժ ունեցող) գազը հելիումն է, դեռ չի ստացել պաշտոնական պատասխան, թեպետ ՀՀ արդարադատության նախարարության փորձագետները դեպքի հենց հաջորդ օրն առաջարկել են իրենց օգնությունը` վստահեցնելով, որ կարող են տալ այդ հարցի մասին փորձագիտական եզրակացություն: