Շառլ Ազնավուրի տարեդարձն է այսօր

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանկուց նա հրապուրվել է թատրոնով, հետո սկսել է ելույթ ունենալ կաբարեում։ Նրա առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, իսկ որպես երգիչ Ազնավուրը համաշխարհային հռչակ է ստացել Փարիզի «Օլիմպիա» դահլիճում իր 1956 թվի ելույթով:

Ազնավուրն ավելի քան 800 երգի հեղինակ է (որոշ երգերի համահեղինակ` Ժորժ Կառվարենցի հետ): Տասնամյակներ շարունակ չեն դադարում հուզել ու գերել նրա «Բոհեմը», «Երեկ», «Երիտասարդություն», «Նա», «Երկու կիթառ», «Հավերժական սեր», «Մաման», «Ավե Մարիա»։

Մեծ հայի երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Միշտ պահանջարկ ունեն Ազնավուրի ձայնապնակները, ձայներիզները, ձայնասկավառակները, համերգների տեսագրությունները։

Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Նա արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002), «Հայր Գորիո» և այլն։

Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան» (որ 1988թ երկրաշարժից հետո Ազնավուրի նախաձեռնությամբ երգել են արտերկրի հայտնի երգիչները և բարեգործական համերգի հասույթն ուղարկել աղետի գոտի դարձած Հայաստան), «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։

1988-ին նա հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

2009թ. մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Անցյալ տարի Շառլ Ազնավուրը հրապարակեց մի համարձակ հոդված` հիմնավորելով Ցեղասպանության նկատմամբ հայոց կարծրացած-ավանդական դարձած քաղաքական ու հասարակական վերաբերմունքի վերափոխման անհրաժեշտությունը: «Ես սկսում եմ ձանձրանալ դրանից: Մենք հաջողության չենք հասնի, մենք երբեք հաջողության չենք հասնի:… Սա ջուր է լցնում թուրքերի ջրաղացին, որոնք հարստանում են և զբաղեցնում էլ ավելի մեծ տեղ: Նրանք արդեն «Մեծ քսանյակի» անդամ են: Նրանք անգամ չեն անհանգստանում Եվրամիություն մուտք գործելու մասին: Իսկ ո՞ւր ենք գնում մենք: Այս ընթացքում Հայաստանը տառապում է, ամեն օր Հայաստանը դատարկվում է: Քիչ ժամանակ անց այն կդառնա մի դատարկ խխունջ: Ո՞ւմ է դա ձեռնտու: Երեք մաֆիոզի՞: Եվ հարյուր միլիոնավոր աղքատ մարդիկ կսփռվեն աշխարհով մեկ: Այս բոլոր իրողություններն ինձ անհանգստացնում են»,- բարձրաձայնեց նա: Նրան քննադատեցին շատերը. սակայն ոչ թե սխալ մտքեր արտահայտելու, այլ` այդ մտքերն արտահայտելու նպատակահարմարությունը երկար ծանրութեթև չանելու համար, առաջարկ հնչեց` հրաժարվել պաշտոնից և առավել ազատ գործել` որպես անկախ մտավորական ու արվեստագետ: Նա չհրաժարվեց իր խոսքից և իր պաշտոնի պատասխանատվությունից:

Շառլ Ազնավուրի` Երևանի Հանրապետության հրապարակում կայացած համերգի (2006թ) ժամանակ մի պահ քարացավ հանդիսատեսն ու հեռուստադիտողը, երբ ճերմակահեր երգիչը «Լա Բոհեմը» երգի վերջում խելագարվող ռիթմի տակ բոհեմային տեսարան բեմադրելիս բռնեց սիրտն ու ցած թեքվեց… իսկ նա նաև հանճարեղ դերասան է, և երբ երգի ավարտին ուղղվեց ու ժպտաց, հանդիսատեսը լաց ու ժպիտով երկար-երկար ծափահարեց…

Ծնունդդ շնորհավոր, սիրելի Ազնավուր