Anonymous-ը կոտրել է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքը

Anonymous հաքերային խմբավորումը կոտրել է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքը: Այս մասին հաքերները հայտնել են իրենց Twitter էջում: Ավելի ուշ նախարարությունը հաստատել է հարձակման մասին տեղեկությունը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Նախարարությունը տեղեկացրել է, որ հարձակման է ենթարկվել կայքի վիճակագրական տվյալներով բաժինը, սակայն չի պարզաբանել, թե ինչ տվյալներ են հափշտակվել հաքերների կողմից:

Anonymous-ը հայտարարել է, որ հափշտակել է 1,7Գբ ծավալի տվյալներ, այդ թվում նախարարության աշխատակիցների նամակագրությունը: Խմբավորում պնդում է, որ իրենց նպատական է պայքարել խոսքի և տեղեկատվության ազատության համար: Նրանց համոզմամբ, հափշտակված տվյալները բացահայտում են նախարարության կոռումպացվածությունը:

Anonymous-ն առաջին անգամ չէ, որ հարձակվում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքի վրա: 2010թ-ից խմբավորումը հայտնի է իր մի շարք խոշոր հարձակումներով՝ հայտնի ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված: Նրանց հաջողվել է կոտրել Sony ընկերության PlayStation համակարգը, Visa, Mastercard և PayPal վճարային համակարգերը, ԱՄՆ ՀԴԲ, Արդարադատության նախարարության, Սպիտակ Տան և մի շարք այլ կառույցեների կայքեր, այդ թվում նաև այլ երկրների նախարարությունների կայքեր: Anonymous-ի հարձակումներն իրենց մեկնաբանությամբ պայքար-բողոք է ինտերնետի գրաքննության դեմ: