Հակամրցակցային էժանացում

Հայաստանում բենզինի գինը, մոտ մեկուկես ամիս պահպանվելով նույն մակարդակում, մայիսի 19-ին նվազեց ֌10-ով։ «Ռեգուլյար» տեսակի 1 լ բենզինն արդեն վաճառվում է ֌490-ով՝ նախկին ֌500-ի փոխարեն։ Շուկայի խաղորդները նշում են, որ գների նվազումն ավելին կլիներ, եթե դրամն այս ընթացքում չարժեզրկվեր։

Ավանդույթի համաձայն՝ բենզինի գինը վառելիքի շուկայի խոշոր խաղորդների բենզալցակայաններում փոխվեց միանգամից. շաբաթ օրը «Ռեգուլյար» տեսակի 1 լ-ն էժանացավ ֌10-ով՝ կազմելով ֌490։

Բենզինի և դիզվառելիքի շուկայի խոշոր խաղորդ «Ֆլեշ» (մասնաբաժինը՝ 42,62%) ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը «Օրակարգ»-ին ասաց, որ Հայաստանում բենզինի գնի նվազումը պայմանավորված է միջազգային գների նվազումով։ Այդուհանդերձ, Էլչյանը դժվարացավ պատասխանել, թե հնարավոր է արդյոք գների հետագա իջեցում։

«Սիթի պետրոլ գրուպ» (շուկայի մասնաբաժինը՝ 41,76%) ընկերությունում նույնպես նշեցին, որ ներքին շուկայում բենզինի գնի իջեցումը հնարավոր է եղել ապահովել միջազգային շուկայում գների մոտ 2%-ով նվազման հաշվին։ «Մենք ունեինք թանկ բենզին, բայց վերջերս ներկրեցինք ավելի էժան վառելիք, և դրա հաշվին հնարավոր եղավ իջեցնել գները։ Մեզ թանկ բենզինը նույնպես ձեռք չի տալիս, քանի որ դա անմիջապես ազդում է իրացման ծավալների վրա»,– ասաց ընկերության ներկայացուցիչը՝ հավելելով, որ եթե չլիներ դրամի արժեզրկման վերջին միտումը, բենզինի գինը հնարավոր կլիներ իջեցնել ոչ թե ֌10-ով, այլ ֌20-ով։

Անդրադառնալով հետագայում գների հնարավոր իջեցմանը՝ ընկերության ներկայացուցիչն ասաց, որ եթե իրավիճակը Մերձավոր Արևելքում չսրվի, և համաշխարհային շուկայում պահպանվի գների նվազման միտումը, ապա դա միանշանակ կբերի նաև Հայաստանի ներքին շուկայում գների նվազման։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանում բենզինը ֌10-ով թանկացել էր ապրիլի 3-ին։ Ընդհանուր առմամբ՝ տարեսկզբից բենզինը թանկացել է ֌50-ով։

Ուշագրավն այս անգամ այն էր, որ բենզինի գները նվազեցին առանց պետության միջամտության։ Այդուհանդերձ, այդպես էլ չպարզվեց նախորդ թանկացումների հիմնավորվածությունը։ Խնդիրն այն է, որ բենզինի գները նախորդ բոլոր դեպքերում վերանայվել են միևնույն օրը, ու խաղորդների նման վարքագիծը կարծես հակամրցակցային համաձայնության տարեր է պարունակում, ինչը պատժելի է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով։ Այդուհանդերձ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կա՛մ չի տեսել բենզինի շուկայի խաղորդների ոչ օրինաչափ վարքագիծը, կա՛մ էլ չի ցանկացել տեսնել։

Ուշագրավ են նաև վառելիքի շուկայի խաղորդների պնդումները, թե վառելիքի բարձր գները չեն բխում իրենց շահերից։ Այսպես, ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների,՝ այս տարվա 1-ին եռամսյակում ներկրվել է 83 հազ. տոննա նավթամթերք, ինչը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 23%-ով կամ 15,3 հազ. տոննայով։ Եթե նույնիսկ հաշվի առնենք այս հունվար-մարտին կառավարության որոշմամբ սուբսիդավորման եղանակով գյուղացիական տնտեսություններին էժան գներով իրացման համար ներկրված 12,6 հազ. տոննա դիզվառելիքը, միևնույն է, անցած տարվա համեմատ Հայաստան ավելի շատ նավթամթերք է ներկրվել: