Հասարակածային արկածներ

2004թ. մարտի սկզբին ինձ զեկուցեցին, որ Հասարակածային Գվինեայում հայ օդաչուների վեցհոգանոց անձնակազմ է ձերբակալվել: Նրանք մեղադրվում էին այդ երկրի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեմա Մբասոգոյին (Teodoro Obiang Nguema Mbasogo) գահընկեց անելու փորձին մասնակցելու մեջ: Սկզբում ինձ այդ լուրը անհավանական թվաց: Սակայն դիվանագիտական խողովակներով շատ արագ հաստատվեց թե՛ ձերբակալության, թե՛ մեղադրանքի փաստը: Այդ պահին միանշանակ էր, որ հայ օդաչուներին Հայաստան վերադարձնելը դառնում է իմ առաջնային խնդիրներից մեկը, և որ ոչ մի պարագայում չի կարելի նրանց թողնել այդ բռնակալ երկրի արդարադատությանը:

Հասարակածային Գվինեան Աֆրիկայի ամենաավտորիտար երկրներից է: Այստեղ է գտնվում աշխարհի ամենասարսափելի բանտերից մեկը՝ Բլեք Բիչը (Black Beach), որտեղ, ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության, մշտապես մալարիայի ու դեղնախտի համաճարակ կա, ամենուրեք վխտում են առնետները: Այս ամենին գումարվում են սադիստ բանտապահները, որոնք բանտարկյալներին կտտանքների են ենթարկում կամ պարզապես սովամահ անում: Այսպիսով, եթե հայ օդաչուների դեմ ներկայացված մեղադրանքը հաստատվեր, նրանց հավանաբար կսպասեր այդպիսի դաժան ճակատագիր:

Հայերն ու հեղաշրջման փորձն Աֆրիկայում
Հայ օդաչուները Հասարակածային Գվինեա ժամանել էին 2004թ. հունվարին: Նրանց տրամադրության տակ էր «ԱՆ-12» մի օդանավ, որը պատկանում էր Հայաստանում գրանցված «Դվին» կոնցեռնին: Ընկերությունը պայմանագիր էր կնքել գերմանական մի ընկերության հետ՝ աֆրիկյան մայրցամաքում ծառայություններ իրականացնելու վերաբերյալ: Գերմանական ընկերության սեփականատերն էր ոմն Յուջին Գերհարդ Մեցը: Այդ օրերին նման ծառայությունների տրամադրումը սովորական երևույթ էր. նախկին ԽՍՀՄ բազմաթիվ օդաչուներ, իրենց երկրներում աշխատանք չունենալու պատճառով, մեկնում էին Աֆրիկա և աշխատում տարբեր կազմակերպությունների համար և իրականացնում ուղևորների և բեռների փոխադրումներ:

2004թ. փետրվարին Նիկ դը Տուա (Nick du Toit) անունով հարավաֆրիկացի մի գործարար, որ նախկինում զինվոր էր եղել, գերմանական այդ ընկերությունից վարձել էր «ԱՆ-12» ինքնաթիռը, իսկ գերմանացի գործարար Մեցը հայ օդաչուներին անձամբ հանձնարարել էր իրականացնել թռիչքը, ինչը և պատճառ էր դարձել, որ վերջիններս մեղադրվեն դավադրությանը մեղսակից լինելու մեջ: Այդ օրը հայ օդաչուները պետք է մեկնեին Զիմբաբվեի Նատոլա քաղաք, այնտեղից վերցնեին բեռ և այն փոխադրեին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Սակայն Նատոլայի օդանավակայանի փակ լինելու պատճառով տղաները չեն մեկնում Կոնգո և առանց որևէ բեռի վերադառնում են Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո: Հաջորդ օրը նրանց ձերբակալում են:

Նման փորձ իրոք տեղի ունեցել էր բրիտանական բանակի նախկին սպա Սայմոն Մենի (Simon Mann) և հարավաֆրիկացի Դը Տուայի մասնակցությամբ, որոնց աջակցել էին բրիտանացի վարձկանները: Բնականաբար նրանց հետևում կային այլ անձինք, որոնցից մեկի անունը բացահայտվեց առաջին իսկ օրերին. դա Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի որդի Մարկ Թետչերն էր:

Վերջիններս փորձել էին գահընկեց անել Աֆրիկայի երրորդ ամենախոշոր նավթարդյունահանող երկրի՝ Հասարակածային Գվինեայի 25 տարվա առաջնորդ Օբիանգին, ինչից հետո իշխանությունը պետք է անցներ երկրից արտաքսված ընդդիմադիրներին:

Հայ օդաչուների կալանավորման մասին լուրի հաստատումից անմիջապես հետո անցանք գործի. նախագահ Քոչարյանի կարգադրությամբ որոշվեց տղաներին Հայաստան վերադարձնելու համար ոչ մի բանի առջև կանգ չառնել: Եգիպտոսում մեր դեսպան Սերգեյ Մանասարյանին հանձնարարեցի մեկնել Մալաբո որպես այդ հարցով հատուկ հանձնարարություններով դեսպան: Գործի ողջ ընթացքում Մանասարյանը բազմաթիվ անգամ այցելեց Մալաբո և ներկա եղավ նաև հայ օդաչուների դատավարության ողջ գործընթացին: Հաշվի առնելով, որ իսպանական նախկին գաղութ Հասարակածային Գվինեայի պետական լեզուն իսպաներենն է, Մանասարյանին կցեցինք նաև Պետարարողակարգի ծառայության աշխատակից Գևորգ Պետրոսյանին՝ Գոգային, որը իսպաներեն լավ էր խոսում:

Հայ օդաչուների հարցի շուրջ ես աջակցություն հայցեցի Ռուսաստանի և Իսպանիայի արտգործնախարարներից: Նաև դիմեցի մեր բոլոր դեսպաններին այս հարցում օգտագործելու իրենց բոլոր կապերը: Պարզվեց, որ ԵԱՀԿ-ում մեր դեսպան Ջիվան Թաբիբյանի նախկին ուսանողի եղբայրը ակտիվ բիզնես գործարքների մեջ է այդ երկրի նախագահի հետ: Նա տեղեկացրեց, որ Հասարակածային Գվինեայի նախագահը, որն այնտեղ իշխում էր 1979-ից ի վեր, մոլի հավատացյալ է, կաթոլիկ և շատ լավ հարաբերություններ ունի Վատիկանի հետ:

Ես նամակով դիմեցի Վատիկանի պետքարտուղարին: Որոշ ժամանակ անց այս հարցում ներգրավվեց նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ իր անձնական միջոցներն ու կապերը ներդնելով հայ օդաչուներին Հայաստան վերադարձնելու գործում:

Մենք մշտական կապի մեջ էինք և կոորդինացնում էինք մեր ջանքերը: Տղաների ձերբակալման պահից՝ 2004թ. մարտի 4-ից մինչև նրանց ազատումը՝ 2005թ. հունիսի 9-ը, անցավ 15 ամիս: Այդ ժամանակահատվածը չափազանց ծանր էր բոլորի, նախևառաջ՝ տղաների համար, որոնց մինչև 20 տարի ազատազրկում էր սպառնում աշխարհի ամենաահավոր բանտերից մեկում: Վիճակը անտանելի էր նաև նրանց ընտանիքների, հարազատների համար: Ծանր էր նաև անձամբ ինձ համար:

Մեր լայնածավալ գործողությունների ընթացքում ստացվում էին տարաբնույթ ու հակասական լուրեր՝ մերթ հուսադրող, մերթ հուսահատական: Սակայն բոլորը միակարծիք էին, որ որոշումն այս գործում կայացնելու է ոչ թե դատարանը, այլ այն մարդը, որի դեմ ուղղված էր դավադրությունը՝ Հասարակածային Գվինեայի նախագահը:

Երկար ձգձգումներից հետո նշանակվեց հայ օդաչուների դատի օրը՝ 2004թ. հոկտեմբերի սկզբին: Բացի հայ օդաչուներից՝ դատարանի առջև էին կանգնելու ութ հարավաֆրիկացի և չորս գվինեացի, բոլորը՝ նույն մեղադրանքով: Դատի օրը Մալաբոյում էին Սերգեյ Մանասարյանը և Գևորգ Պետրոսյանը: Նրանք պարբերաբար զեկուցում էին դատական գործընթացի, զարգացումների մասին և կանխատեսումներ անում, թե ինչ դատավճիռ կլինի:

Բուրկինա Ֆասոյում
2004թ. նոյեմբերի 26-ին աֆրիկյան Բուրկինա Ֆասո պետության Ուագադուգու մայրաքաղաքում բացվեց Ֆրանկոֆոն երկրների կազմակերպության տասներորդ գագաթաժողովը, որը նախագահում էր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Հավաքին մասնակցում էին ֆրանսախոս երկրների նախագահները և աֆրիկյան շատ երկրների առաջնորդներ: Հայաստանն այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի, և ես հավաքին մասնակցում էի որպես ՀՀ պատվիրակության ղեկավար: Ինձ ուղեկցում էր Ֆրանսիայում մեր դեսպան, ներկայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այստեղ էր նաև Հասարակածային Գվինեայի նախագահը:

Մալաբոյում այդ պահին ընթանում էր հայ օդաչուների դատավարությունը, և ես մշտական կապի մեջ էի Սերգեյ Մանասարյանի հետ, պարբերաբար տեղեկանում էի զարգացումների մասին: Գագաթաժողովի երկրորդ օրվա կեսին, երբ հանդիպումները մոտենում էին ավարտին, և մենք ներկա էինք ամփոփիչ նստաշրջանին, զանգահարեց Մանասարյանը և հայտնեց ամենաահավոր լուրը, որ կարելի էր ակնկալել՝ հայ օդաչուները մեղավոր են ճանաչվել, անձնակազմի հրամանատարը դատապարտվել է քսան, իսկ մյուս օդաչուները՝ տասնվեց տարվա ազատազրկման: Դա ինձ համար մղձավանջային պահ էր: Պատմության հեգնանք էր, որ նույն դահլիճում՝ ինձանից մի քանի քայլ այն կողմ, այն մարդն էր, որը հավանաբար մինչև Ուագադուգու ժամանելը հստակ հրահանգ էր տվել հենց այդ դատավճռի առնչությամբ:

Բնականաբար, առաջին ցանկությունը եղավ անհապաղ հանդիպում խնդրել նրա հետ և քննարկել այս հարցը: Սակայն մի պահ հապաղելուց և այդ դաժան լուրը «մարսելուց» հետո որոշեցի այդ հանդիպման հնարավորությունը այդ պահին չսպառել, ինչը կարող էր բարդացնել մեր հաջորդ քայլերը: Այդ պահին բավարարվեցի նրանով, որ ինձ համար որոշում կայացրի, որ Երևան վերադառնալուց հետո պետք է դիմեմ Հասարակածային Գվինեայի իշխանություններին՝ այդ երկիր այցելելու խնդրանքով, և հարցը բարձրացնել Հայաստանի Հանրապետություն պետության կողմից՝ պահանջով, որ հայ օդաչուները վերադարձվեն հայրենիք:

Երևանից Մալաբո
Երբ վերադարձա Երևան, մեր ԱԳՆ-ն անմիջապես պաշտոնապես դիմեց Հասարակածային Գվինեայի ԱԳՆ-ին՝ խնդրանքով, որ հնարավորինս արագ կազմակերպվի իմ այցելությունը այդ երկիր: Կարճ ժամանակ անց, հուրախություն բոլորիս, Հասարակածային Գվինեայի ԱԳՆ-ից դրական պատասխան ստացանք: Դա ինձ համար հուսադրող նշան էր, որ Գվինեայի իշխանությունները առնվազն պատրաստ են քննարկել այդ հարցը: Թեև մեր հղած նոտայում օդաչուների հարցը նշված չէր, և պարզապես խոսվում էր երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին, միանգամայն պարզ էր, որ նման հարաբերություններ չկան, և այցի իրական նպատակը հայ օդաչուներին Հայաստան վերադարձնելն է:

Հասարակածային Գվինեայի ԱԳՆ-ի պատասխան նոտայում նշված էր, որ երկրի ղեկավարությունն ինձ կընդունի փետրվարի 21-ին: Մենք հստակ խնդիր ունեինք մինչ այդ օրը գործի դնել հնարավոր բոլոր միջոցները և օգտագործել բոլոր լծակները, աշխատանք տանել այդ երկրի իշխանությունների, հատկապես նախագահի հետ, որպեսզի այցն արդյունք տա:

Աֆրիկյան արարողակարգը լավ իմացող և Հասարակածային Գվինեայի նախագահին ճանաչող մարդիկ հուշեցին, որ ես մեր երկրի նախագահի անունից ինձ հետ անպայման թանկարժեք նվեր տանեմ: Հաշվի առնելով Գվինեայի նախագահի կաթոլիկ լինելը՝ մենք որոշեցինք թանկարժեք սրբապատկեր նվիրել նրան: Այդպիսի ընծա գտնելը դժվար գործ էր: Երկար փնտրտուքից հետո գտանք թանկարժեք, բավական մեծ ոսկեզօծ մի սրբապատկեր: Եթե Գվինեայի նախագահը նման ճոխ նվեր ընդուներ, դա կնշանակեր նրա կողմից որոշակի պարտավորությունների ստանձնում և կհուշեր, որ նա պատրաստ է ավելի բարյացակամ վերաբերմունք ցուցաբերել հայ օդաչուների հանդեպ:

2005թ. փետրվարի 20-ին` կիրակի օրով, ես Երևանից ուղևորվեցի Մադրիդ, այնտեղից՝ Մալաբո: Ինձ ուղեկցում էին Սերգեյ Մանասարյանը, Գևորգ Պետրոսյանը և ԱԳՆ Ասիայի և Աֆրիկայի վարչության պետ Գագիկ Ղալաջյանը: Մալաբո ժամանեցինք ուշ երեկոյան. օդանավակայանում մեզ դիմավորեց Հասարակածային Գվինեայի փոխարտգործնախարարը: Մռայլ ու անձրևոտ օր էր, շոգ և անտանելի խոնավ: Պատկերը, որը տեսանք օդանավից քաղաք տանող ճանապարհին, ճնշող էր: Հակառակ իր հսկայական հարստությանը՝ երկրի բնակչությունն աղքատության մեջ էր: Մռայլությունը խորացնում էր մեր տրամադրությունը և այն անորոշությունը, որից տանջվում էինք բոլորս: Պարզ էր, որ դատարանի որոշումը հնարավոր բոլոր որոշումներից ծանրագույնն է, և մտածում էինք՝ կկարողանա՞նք արդյոք հասնել այն բանին, որ մեր երկրի միջամտության արդյունքում այդ դատավճիռը փոխվի:

Հիմնական հանդիպումները նախատեսված էին երկուշաբթի: Չնայած մենք հանդիպում խնդրել էինք նաև երկրի նախագահի հետ, մեզ հանձնած ծրագրում նման հանդիպում նշված չէր: Ինձ համար նախատեսել էին հանդիպումներ երկրի վարչապետի, գլխավոր դատախազի, արտգործնախարարի և հայ օդաչուների հետ:

Գիշերեցինք մեզ հատկացված պետական հյուրատներում: Մեզ տեղավորել էին բավական հարմարավետ կացարաններում: Այդ գիշեր չկարողացա քնել. մի կողմից հաջորդ օրվա հանդիպումների և հայ օդաչուների ճակատագրի անորոշությունն էր, մյուս կողմից՝ իմ սենյակում գտնվող տարբեր տեսակի սողունները: Երբ պառկած էի անկողնում, առաստաղին և պատերին նկատեցի մողեսներ, որոնք արագ այսուայն կողմ էին վազվզում: Բնականաբար, այդ ամենի համադրումը հանգեցրեց նրան, որ լուսացրեցի առանց մի վայրկյան աչք կպցնելու: Ես հետևում էի մողեսների անցուդարձին և մտածում վաղվա իմ ասելիքների ու անելիքների, ինչպես նաև հնարավոր դրական կամ բացասական զարգացումների մասին:

Առավոտյան նախատեսված էր հանդիպում երկրի վարչապետի հետ, որի նստավայրը ոչ թե մայրաքաղաքում էր, այլ 40-րոպեանոց թռիչքի հեռավորության վրա գտնվող երկրորդ մեծ քաղաքում՝ Բատայում:

Արկածներ օդում
Վաղ առավոտյան ուղևորվեցինք օդանավակայան: Մեր օդանավը նույնպես «ԱՆ» մակնիշի պտուտակներով օդանավ էր՝ ուկրաինացի անձնակազմով: Նրանք Մալաբոյում էին այն նույն նպատակներով, ինչ հայ օդաչուները՝ աշխատելու: Ահավոր շոգ, տոթ ու խոնավ եղանակ էր: Երբ բաճկոններ հագած դուրս եկանք մեր սենյակներից, մինչև մեքենա հասնելը արդեն բոլորովին թաց էինք:

Թռիչքի տևողությունն ընդամենը քառասուն րոպե էր: Բայց դա բավարար եղավ, որ բառացիորեն ցնցի բոլորին: Գործի բերումով ինձ համար ինքնաթիռ նստելը նույնքան սովորական էր, որքան աշխատանքի գնալը: Սակայն այս թռիչքն իսկական մղձավանջ էր: Մեզանից բացի՝ այդ փոքր ինքնաթիռում կար ևս քսան-քսանհինգ հոգի: Մեր պատվիրակությունը, որին ուղեկցում էր Գվինեայի փոխարտգործնախարարը, տեղավորվել էր ինքնաթիռի հետևի մասում, որ կարծես թե այս ինքնաթիռի «բիզնես կլաս» տեղերն էին:

Նստարանները դեմ-դիմաց էին, իսկ դրանց մեջտեղում սեղաններ կային: Ես և գվինեացի փոխնախարարը նստել էինք աջից, միջանցքի մյուս կողմում տեղավորվել էին հայկական պատվիրակության մյուս անդամները: Մենք կապեցինք ամրագոտիները, և ինքնաթիռը բարձրացավ երկինք: Թռիչքից հազիվ տասը րոպե էր անցել, երբ ինքնաթիռը հայտնվեց այնպիսի ահավոր մի օդափոսում, որ առանց չափազանցության կարող եմ ասել՝ գրեթե մեկ րոպե օդանավը ազատ անկման մեջ էր: Բոլորս վստահ էինք, որ ընկնում ենք ծովը. դա անխուսափելի էր թվում: Անկմանը հակազդման ուժը այնքան հզոր էր, որ Գոգայի ամրագոտիները պոկվեցին, և այդ ուժը նրան բարձրացրեց ու մխրճեց ինքնաթիռի առաստաղին: Նա գլխով հուժկու հարվածեց այն հատվածին, որտեղ ուղեբեռ էր դրված, և ուղղակի մեխվեց այնտեղ: Անկման ողջ ընթացքում նա մնաց այդպես կախված: Երբ ինքնաթիռը դուրս եկավ օդափոսից, այն այնպես ուժեղ բախվեց օդային հոսանքներին, որ թվաց, թե ծովի մեջ ընկանք: Ինձ թվում էր, որ ինքնաթիռի թևերը հիմա ուր որ է կպոկվեն: Սակայն այն շարունակեց թռիչքը: Քար լռություն էր: Մի քանի րոպե անց հայտնվեցին ուկրաինացի օդաչուները, սկսեցին ստուգել՝ արդյոք պատուհանների կողքին ճաքեր էին հայտնվել, թե ոչ: Նրանց հարցրինք՝ արդյոք դա բնակա՞ն երևույթ էր: Պատասխանեցին, որ երբեք այդքան խոր անկում չէր եղել, փոքր տատանումներ հաճախակի են հանդիպում, սակայն ոչ այդպիսիք:

Երբ վերջապես վայրէջք կատարեցինք, շնորհակալության աղոթք ասացինք, որ ամեն բան բարեհաջող ավարտվեց: Սա կարող էր դառնալ պատմության մեկ այլ հեգնանք. մենք, որ եկել էինք ազատելու մեր հայրենակիցներին, կարող էինք մեր կյանքն ավարտել այդ նույն երկրում:

Վարչապետի հետ հանդիպումը բավական լավ անցավ: Սակայն ինձ համար պարզ դարձավ, որ նա որևէ ազդեցություն չունի և չէր կարող մեզ որևէ բան խոստանալ: Նա մեզ լսեց և մի քանի անբովանդակալից նախադասություն արտասանեց երկրի դատական համակարգի, ինչպես նաև երկրի զարգացման հարցում նախագահի կարևոր դերի մասին: Պարզ էր, որ այդ հանդիպումը մեզ ոչինչ չտվեց, և ընդամենը մեկ ժամ անց մեկ նույնատիպ, բայց այլ օդանավով վերադարձանք Մալաբո:

Այց հայ օդաչուներին
Օրվա երկրորդ կեսին նախատեսված էր հանդիպում Գվինեայի արտգործնախարար Պաստոր Միշա Օնդո Բիլեի (Pastor Micha Ondo Bile) հետ: Հանդիպումը հուսադրող էր: Ես հասկացա, որ հենց նրան էր հանձնարարվել ինձ փոխանցել դրական ուղերձը հայ օդաչուների ճակատագրի վերաբերյալ: Նա ինձ դիվանագիտական լեզվով հասկացրեց, որ նրանք լավ են պատկերացնում հայ օդաչուների վիճակը, որ նրանք այդ ամենի մեջ դերակատարություն չեն ունեցել, և ասաց, որ այս պահին նրանք շատ լուրջ բանակցությունների մեջ են բրիտանական իշխանությունների հետ՝ մի քանի անձանց, որոնք կասկածվում և մեղադրվում են հեղաշրջումը կազմակերպելու մեջ, Հասարակածային Գվինեա արտահանձնելու համար: Նա նաև ասաց, որ այդ պահին նրանց կողմից ցանկացած քայլ, որը կհակասի դատական որոշմանը, կարող է բացասական ազդեցություն ունենալ այդ բանակցությունների վրա: Այս ամենն ինձ համար բավական հուսադրող էր: Բոլորիս տրամադրությունն անմիջապես փոխվեց, առավել ևս, որ նախարարը երկրի նախագահի կողմից հատուկ շնորհակալություն հայտնեց նախագահ Քոչարյանի կողմից ուղարկված նվերի համար: Բոլորիս ուսերից մի մեծ բեռ ընկավ. մենք համարում էինք, որ այդ նվերի ընդունումը կլինի գլխավոր երաշխիքը, որ Գվինեայի նախագահը ներում կշնորհի հայ օդաչուներին:

Դրական տրամադրությամբ լքեցինք արտաքին գործերի նախարարության շենքը և մեկնեցինք հայ օդաչուների հետ հանդիպման:

Չգիտեինք՝ որտեղ է տեղի ունենալու այդ հանդիպումը՝ տխրահռչակ բանտո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ:

Երբ մեզ ուղեկցեցին տղաների հետ հանդիպման, պարզ դարձավ, որ նրանց հանդիպելու ենք բանտից դուրս: Նրանց տեղափոխել էին բանտի մոտակայքում գտնվող մի շինություն: Երբ մոտեցանք, տեսանք, որ լքված մի շինություն է, որը չուներ ո՛չ դուռ, ո՛չ պատուհան: Մուտքի մոտ կանգնած էին հաղթանդամ զինվորներ: Մտանք ու տեսանք մեր տղաներին. նրանք ցնցոտիներ էին հագած, ոտքերը և ձեռքերը՝ շղթայված, իսկ սրահի խորքում՝ բավական հեռու, նստած էր Գվինեայի գլխավոր դատախազը: Աննկարագրելի տեսարան էր, միայն ֆիլմերում կարելի է նման բան տեսնել: Բոլորս անմիջապես գրկախառնվեցինք տղաների հետ, նրանց ուրախությունն անթաքույց էր ու անսահման. երեսներին անմիջապես ժպիտներ երևացին:

Տղաներին ողջունելուց հետո ուղևորվեցի դատախազի մոտ, իսկ Սերգեյը, Գագիկը և Գոգան շարունակեցին զրուցել տղաների հետ, նրանց հանձնեցին ընտանիքների ուղարկած նամակները և այն, ինչ խնդրել էին տղաները, իսկ նրանց ընտանիքները՝ հայթայթել և ուղարկել: Թեև նրանց մոտակայքում զինվորներ չկային, այդ ամենը կատարվում էր զգուշորեն, գաղտնիության քողի տակ: Սկսեցի դատախազի հետ զրուցել դատավճռի և տղաների հետագա ճակատագրի մասին: Դատախազը փոխանցեց ինձ այն նույն տեղեկությունները, ինչ արդեն հայտնել էր արտգործնախարարը: Ես վերստին ստացա այն տպավորությունը, որ հարմար պահին նախագահի կողմից հայ օդաչուներին ներում կշնորհվի:

Դատախազի հետ հանդիպումս ավարտելով՝ միացա տղաներին: Զրուցեցինք տարբեր բաների մասին: Ես զերծ էի մնում նրանց որևէ խոստում տալուց: Չէի կարող նրանց անտեղի ու վաղաժամ հույսեր ներշնչել, քանի որ այդ երկիրը շատ անկանխատեսելի էր: Մյուս կողմից՝ մենք պետք է նրանց հույս ու հավատ ներշնչեինք: Մենք նորից ու նորից կրկնում էինք, որ նրանց միայնակ չենք թողնի, որ Հայաստանի Հանրապետությունը նրանց մեջքին է, և արվելու է ամեն բան նրանց հայրենիք բերելու համար: Այդ հանդիպումից հետո վերադարձանք մեր կեցավայրը, հավաքեցինք իրերը և ուղևորվեցինք օդանավակայան և նորից Մադրիդով ժամանեցինք Երևան:

Այդ օրերի լարվածությունը, հոգնածությունը և անքնությունը, ինչպես նաև սենյակներում և դրանցից դուրս օդի ջերմության քառասուն աստիճան տարբերությունը հանգեցրին նրան, որ Երևան վերադարձա թոքաբորբով:

Օդաչուների հայրենադարձումը
Հակառակ որ մենք Երևան հասանք լավ տրամադրությամբ, օրերն անցնում էին, իսկ տղաները դեռ անազատության մեջ էին: Դա բոլորիս համար ծանր ու տհաճ զարգացում էր: Մենք շարունակում էինք աշխատել բոլոր ուղղություններով: Արա Աբրահամյանը Մոսկվայից շարունակում էր իր մասով աշխատանք տանել, և ոչ մի րոպե հույսը չէինք կորցնում:

Մի գեղեցիկ օր մեզ վերջապես լուր հասավ, որ Գվինեայի նախագահը որոշում է ընդունել հայ օդաչուներին ներում շնորհելու մասին: Դա ուրախության ու ցնծության օր էր: Դրանից հետո ամեն օր, ամեն ժամ իրադարձությունները զարգացան այնպես, որ 2005թ. հունիսի 5-ին հայ օդաչուները վերջապես ազատ արձակվեցին:

Արա Աբրահամյանի ներկայացուցիչը մեկնել էր Գվինեա՝ տղաներին Մոսկվա ուղեկցելու համար: Իսկ հետո հատուկ չվերթով տղաները Արա Աբրահամյանի հետ միասին վերադարձան հայրենիք: Նրանց վերադարձը ցնծություն էր բոլորիս, նաև իմ ու իմ թիմակիցների համար: Մենք երջանիկ էինք, որ մեր գործողությունների ու ջանքերի շնորհիվ այդ գործը հաջող ավարտ ունեցավ:

Հ.Գ.
Տարիներ անց ճամփորդում էի «Արմավիա» ընկերության օդանավով: Թռիչքի կեսին ինձ մոտեցավ Աշոտ Կարապետյանը, որը վեց օդաչուների հրամանատարն էր: Նա ասաց. «Պարոն Օսկանյան, տարբեր առիթներով ես իմ երախտագիտությունն եմ հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք չխնայեցին մեզ հայրենիք վերադարձնելու համար: Սակայն, օգտագործելով այս առիթը, կցանկանայի շնորհակալությունս և երախտագիտությունս հայտնել հատկապես Ձեզ և Ձեր թիմին այն ամենի համար, որ արեցիք իմ ու տղաների համար»: Աշոտի այդ խոսքերը մեր աշխատանքի լավագույն գնահատականն էին: Ես չափազանց ուրախ էի, որ Աշոտը ոչ միայն հայրենիքում է, այլև արդեն աշխատում է և զբաղված է մասնագիտական գործով: