Ադրբեջանը հարյուրից ավելի Հայաստանի քաղաքացիների է պահում իր մոտ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նրա կարծիքով՝ գերիների հարցի լուծման ձգձգումը հետաձգում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեկնարկը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած իր այցի ընթացքում գերիների հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձն է։ Ես գիտեմ, որ նրանք (գերիները և պահվող այլ անձինք – խմբ․) հարյուրից ավելի են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Դրա համար մենք երկխոսություն ենք վարում՝ պարզելու համար, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ գտնվում, նրանք (Բաքուն – խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Մենք ունենք մարդկանց ցուցակ, գիտենք, որ նրանք գտնվում են Ադրբեջանում, և դեռ անհետ կորածների ցուցակ կա։ Եվ տվյալ դեպքում թվերն անընդհատ փոխվում են»,- ասել է Զարեհ Սինանյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ բոլոր գերիները վերադարձվել են, պահվում են միայն «ահաբեկիչները և դիվերսանտները»։