Հայաստանում հայտնաբերվել է հերոինի խոշոր խմբաքանակ` խմորիչի փաթեթներում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտել։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի՝ խմորիչի փաթեթավորմամբ հերոինը նախատեսված էր Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով տեղափոխել Արևմտյան Եվրոպա։

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։