Ազգային ժողովը դատապարտեց գերիների վերադարձի ձգձգումը Ադրբեջանի կողմից

RA National Assembly session took place

Ազգային ժողովը մտադիր է բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը և միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ անել խիստ գնահատականի և դատապարտման արժանացնել Ադրբեջանի վարքագիծը:

Հայաստանի խորհրդարանը 120 կողմ ձայնով ընդունեց արցախյան վերջին պատերազմի ընթացքում ու հրադադարից հետո գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման ձգձգման Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող հայտարարություն։

Պատգամավորները հայտնել են՝ Ադրբեջանը թաքցնում է իր վերահսկողության ներքո անցած տարածքներից գերեվարված անձանց թիվը ու անթույլատրելի կերպով ձգձգում այդ անձանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը։ 

«Հայկական կողմերն ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց»,- ասված է պատգամավորների հայտարարությունում։ 

***

«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասել է, որ Ադրբեջանը հարյուրից ավելի Հայաստանի քաղաքացիների է պահում իր մոտ, ն նրանց վերադարձի ձգձգումը հետաձգում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեկնարկը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ բոլոր գերիները վերադարձվել են, պահվում են միայն «ահաբեկիչները և դիվերսանտները»։