Այվազյանը ՄԱԿ քարտուղարի տեղակալի հետ քննարկել է արցախահայության հումանիտար հարցերը

Մարտի 2-ին Հայաստանի արտգործնախարար նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ Այվազյանը Լոուքոքին ներկայացրել է արցախահայության առջև ծառացած հումանիտար հարցերը և սոցիալ-տնտեսական խնդիրները: Նախարարի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը, և ներկայումս առաջնահերթություն է վերջիններիս իրավունքների վերականգնման, արժանապատիվ ու անվտանգ վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

«Զրույցի ընթացքում կարևորվեց արցախահայությանը հումանիտար օգնության տրամադրումը: Այդ առնչությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն Արցախում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմիների ներկայությունն ապահովելու համար՝ անընդունելի համարելով հումանիտար այդ գործառույթի իրականացման քաղաքականացումը և այդ նպատակով արհեստական խոչընդոտների ստեղծումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև՝ Ադրբեջանին անցած տարածքներում եկեղեցիները վտանգված են, Բաքուն արգելակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների այցերը։

Մեկնաբանել