Վարչական դատարանում գործերը կքննեն նաև գրավոր ընթացակարգով

Հայաստանի կառավարությունն առաջարկում է այսուհետ վարչական դատարանում գործերը քննել նաև գրավոր ընթացակարգով։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ընդգրկված է մարտի 4-ի կառավարության հերթական նիստում։ 

Ըստ նախագծի հեղինակ արդարադատության նախարարության՝ վարչական դատարանում գրավոր ընթացակարգով պարզեցված դատաքննության մեխանիզմներ առկա չեն, ինչը պատճառ է դարձել դատարանի ծանրաբեռնվածության։  

«Գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը նախևառաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Ըստ արդարադատության նախարարության՝ համայնքների ղեկավարների ու ավագանիների համապատասխան ակտերը ևս մեծ տեմպով սկսել են վիճարկվել վարչական դատարանում։ 

Հաշվի առնելով հայցերի մեծ թիվը՝ օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն պարզեցված ընթացակարգ սահմանել վարչական դատարանում գործերի քննության, ինչը թույլ կտա նվազեցնել դատարանի ծանրաբեռնվածությունը։