Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն կգործի Երևանի Մոսկովյան 1 հասցեում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն կգործի Երևանի Մոսկովյան 1 հասցեում։ Կոմիտեին կտրամադրվի մոտ 2 000 քմ տարածք։ Որոշումն ընդգրկված է մարտի 4-ի կառավարության նիստի օրակարգում։

Այս շենքը անցյալ տարվա հունիսին կառավարությունը որոշել էր մրցութային կարգով օտարել։ Շենքի նկատմամբ, սակայն, այդպես էլ հետաքրքրություն չի ցուցաբերվել ու այն համապատասխան որոշմամբ կտրամադրվի արդարադատության նախարարությանը, որն իր հերթին այն կփոխանցի հակակոռուպցիոն կոմիտեին։

Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ստեղծվի այս տարվանից ու քննի միայն կոռուպցիոն բնույթի գործեր, իրականացնի օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Կոմիտեն իր մեջ ներառելու է Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն համապատասխան ստորաբաժանումները։ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության համար անցյալ տարեվերջին կառավարությունը հատկացրեց 8,2 միլիարդ դրամ։

Մեկնաբանել