Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին

Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Այսօր՝ մարտի 4-ին, նրան կանչել էին Քննչական կոմիտե՝ որպես մեղադրյալ հարցաքննելու նպատակով։

Մեկնաբանել