Կուսակցություն չեմ ստեղծի, երևի կլինեն ուժեր, որոնք կհամագործակցեն ինձ հետ․ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում խոսել է հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու ֆորմատի,  գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի, բանակի արդիականացման, հայ-ռուսական հարաբերությունների մասին։ ՍիվիլՆեթը, հղում անելով Sputnik Արմենիային, առանձնացրել է ասուլիսի կարևոր մասերը։

Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել, բայց նաև չի բացառում այդ տարբերակը։

«Ես չեմ ընկալվում որպես կուսակցական առաջնորդ։  Հավանաբար, ես չեմ ստեղծի քաղաքական կուսակցություն, չնայած չեմ բացառում այդ տարբերակը։ Երևի կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հավանական ընտրությունների ժամանակ»,- ասել է նա։

Արմեն Սարգսյանը պետք է հանգուցալուծի Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջը ահազանգ էր այն մասին, որ իշխանությունը խոչընդոտում է բանակի ամրապնդմանն ու վերականգնմանը։ Ընդ որում, խանգարում է համակարգային մակարդակով։

Նրա խոսքով` ՀՀ Սահմանադրությունը նախագահ Արմեն Սարգսյանին գործողությունների երեք տարբերակ է առաջարկում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հեռացման հարցով․ առաջին տարբերակն այն է, որ նախագահը համաձայնում է Փաշինյանի առաջարկին և ստորագրում այն, իսկ երկրորդը` նախագահը չի ստորագրում հրամանագիրը, բայց այն ուժի մեջ է մտնում, երրորդը` իրավական դաշտում է փորձում լուծում գտնել։

Ըստ Քոչարյանի` ստացվում է, որ առաջին երկու տարբերակի դեպքում էլ նախագահը համաձայնում է վարչապետի որոշման հետ։ Երկրորդ նախագահը կարծում է, որ Արմեն Սարգսյանը պետք է կողմնորոշվի` ի վերջո կո՞ղմ է, թե՞ դեմ. որևէ խոչընդոտ չկա, որպեսզի նախագահն արտահայտի իր հստակ տեսակետը։

ՀՀ Զինված ուժերի վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր

Փորձագետները Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման ծախսերը գնահատում են մոտ 3 մլրդ դոլար, ասել է Ռոբերտ Քոչարյանը։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է Ռուսաստանի հետ ինտեգրման այնպիսի բանաձև գտնենք, որը թույլ կտա արագ վերականգնել մեր զինված ուժերը»,- նշել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը, թաքնվելով ռազմական գաղտնիքի հետևում, չի խոսում ոչ նյութական, ոչ էլ մարդկային կորուստների մասշտաբների մասին։ Սակայն վերականգնման համար, փորձագետների գնահատականներով, մոտ 3 մլրդ դոլար է անհրաժեշտ․ «Պետք է ԶՈւ-ն վերականգնել որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ, իսկ դրա համար արդյունավետ կառավարում է պետք»,- նշել է Քոչարյանը։