«Իմ քայլը» Վճռաբեկ դատարանի նոր դատավոր չի ընտրի. պատճառը Ռուբեն Վարդազարյանի պահվածքն է

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քաղաքականացնում է դատական իշխանությունը։ Խորհրդարանը վերջին օրերին քննարկում էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

«Պարոն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել Ազգային ժողովի նկատմամբ, ուստի «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին, և իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների վերաբերյալ, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության ու հայտարարությունների վերաբերյալ։ Հասել ենք այնտեղ, երբ քրեական ենթամշակույթին հարող մարդիկ միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի»,- ասաց Մակունցը

«Իմ քայլի» պատգամավորներին վրդովվեցրել էր Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը, որին նախորդող օրը Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, թե կանխել է պետական գործչի սպանություն, ինչպես նաև հայտնեց ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու գործի մասին, որով անցնում էր նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նոյեմբերի 15-ին Վանեցյանին մեղադրանք առաջադրեցին, դրանից ժամեր առաջ ԲԴԽ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց Վարդազարյանի հայտարարությունը, որտեղ, ի թիվս այլի, կար նաև հստակ պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արած հայտարարություններին և դատական իշխանությանն ուղղված քննադատություններին. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- հայտարարել էր Վարդազարյանը։ 

Միայն մարտի 3-ին «Իմ քայլի» պատգամավորները Վարդազարյանին շուրջ 30 հարց ուղղեցին իր հայտարարության վերաբերյալ։ Մինչդեռ ԲԴԽ նախագահը պետք է խորհրդարանին ներկայացներ Վճռանեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար երկու թեկնածուի։ Այդ թեկնածուների մասին հարցեր չեղան։

Գևորգ Թոսունյան