Քոչարյանը Ռուսաստանի բարեկամն է, բայց իր քայլերը չի համաձայնեցնում Պուտինի հետ. Պեսկով

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի մեծ բարեկամն է, սակայն աբսուրդ են այն պնդումները, թե նա Հայաստանի քաղաքական կյանքում համաձայնեցնում է իր գործողությունները Մոսկվայի հետ: Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին՝ արդյոք Քոչարյանը քաղաքական ակտիվություն դրսևորելու իր որոշումը համաձայնեցրե՞լ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Աբսուրդ է այն միտքը, թե նա համաձայնեցնում է իր գործողությունները Մոսկվայի հետ Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու իր ցանկության վերաբերյալ», – ասել է Պեսկովը:

Պեսկովը նկատել է, որ Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն իրենց որոշումները համաձայնեցնելու Ռուսաստանի նախագահի հետ։

«Սա միանգամայն աբսուրդ հարցադրում է։ Ինքը՝ Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է։ Նա համոզված է, որ Հայաստանի համար օգտակար կլինի հետագայում ևս զարգացնել և խորացնել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ։ Նա այն մարդն է, որը մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար, և մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը երկրի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակից է», – ասել է Պեսկովը։

Նա հստակեցրել է, որ այդ քաղաքական գործիչներից է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ելնում ենք նրա համապատասխան հայտարարություններից։ Դուք գիտեք, որ շատ ակտիվ երկխոսություն է ընթանում Փաշինյանի և Ռուսաստանի նախագահի միջև։ Դուք գիտեք, թե ինչ լարված աշխատանք է նախորդել եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, որը վերջ դրեց ղարաբաղյան պատերազմին։ Այդ պատճառով այդ հարաբերություններն իրոք շատ արժեքավոր են»,- եզրափակել է Պեսկովը։

Մարտի 4-ին Երևանում ռուսաստանյան լրատվամիջոցների համար տված ասուլիսում Քոչարյանն ասել է, որ չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել, բայց նաև չի բացառում այդ տարբերակը․ «Ես չեմ ընկալվում որպես կուսակցական առաջնորդ։ Հավանաբար, ես չեմ ստեղծի քաղաքական կուսակցություն, չնայած չեմ բացառում այդ տարբերակը։ Երևի կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հավանական ընտրությունների ժամանակ»։

Մեկնաբանել