Գերիների փոխանակման առավելագույն բանաձևը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է․ Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների վերադարձի առավելագույն բանաձևը «բոլորը բոլորի դիմաց» փոխանակումն է․ մարտի 4-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրան հարց է ուղղվել, թե արդյոք ռուսական կողմն ունի Ադրբեջանում պահվող հայ գերիների հստակ տվյալներ։

«Կողմերի մոտեցումները տվյալ խնդրին էականորեն տարբերվում են։ Թվերը, որոնք շրջանառում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են։ Բաքվից էլ ուրիշ տեղեկատվություն է հասնում։ Հաշվի առնելով այս տարբերությունները՝ հորդորում եմ այս հարցով դիմել ադրբեջանական և հայկական կողմերին։ Վստահ եմ, որ նրանք պատրաստ կլինեն տրամադրել սեփական սպառիչ պարզաբանումները։

Այսօրվա դրությամբ ռուսաստանցի խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 79 մարդ՝ 63 հոգի հայկական կողմից և 16 հոգի՝ ադրբեջանական։

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ևս մեկ անգամ շեշտադրել ռուսաստանյան դիրքորոշումն այս հարցում։ Ելնում ենք նրանից, որ փոխանակման առավելագույն բանաձևը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է։ Կարծում ենք, որ այս խնդրի շուտափույթ լուծումը թույլ կտա կողմերին շրջել հարաբերություններում ողբերգական էջերն ու կենտրոնանալ դրական օրակարգի առաջմղման վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Այդ մասին է խոսվել հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների գագաթաժողովի ժամանակ»,- ասել է Զախարովան։

***

Ադրբեջանը 100-ից ավելի Հայաստանի քաղաքացիների է պահում իր մոտ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում օրերս ասել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ բոլոր գերիները վերադարձվել են, պահվում են միայն «ահաբեկիչները և դիվերսանտները»։

Մեկնաբանել