Մարտակերտի զորամասերից մեկից հայտնաբերվել է 2 զինծառայողի մասունք

Մարտի 4-ին Արցախի հարավային թևում զինծառայողների աճյունների և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ իրականացված  որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում է Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Սակայն, Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք: Պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծառայությունից տեղեկացնում են նաև, որ որոնումներն այսօր՝ մարտի 5-ին, շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն: