Եթե «Բարգավաճ Հայաստանը» մերժի ընտրությունների անցկացման առաջարկը, այլ տարբերակ կմտածենք․ Մարուքյան

Եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մերժի արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկը, «Լուսավոր Հայաստանի» համար հարցը օրակարգից դուրս չի գա և երբեք դուրս չի գալու։ Կմերժվի՝ այլ տարբերակ կմտածենք։ Մարտի 5-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Պետք է ճանապարհներ գտնենք, դուրս գանք այս վիճակից։ «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է փնտրել լուծումներ երկիրն այս վիճակից հանելու համար։ Այս պահին, մեր կարծիքով, լուծումն այն առաջարկությունն է, որը մենք արել ենք։ Երկրում առկա քաղաքական ճգնաժամն ավելի է խորացել, այդ ճգնաժամին գումարվել է զինված ուժերում ճգնաժամը և ես առաջարկում էի բանակին հանգիստ թողնել, գնալ ընտրությունների»,- նշեց Մարուքյանը։

Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու միակ ելքը, ըստ նրա, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։

Հարցին, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով հնարավո՞ր է «Լուսավոր Հայաստան» հանդիպում նախաձեռնի «Բարգավաճ Հայաստանի» հետ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Բարգավաճի» գործընկերների դիրքորոշումը հենց իմանանք, դրանից հետո էլ կշարունակենք մեր կոնսուլտացիաները, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանի» հետ։ Եվ առանց մեզ, և առանց «Բարգավաճի» չի կարող լուծարվել խորհրդարանը»։

Մարտի 4-ին կառավարությունում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի հանդիպումը, քննարկվել էր արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։

Մեկնաբանել