ԿԳՄՍՆ առաջարկում է գիտական հիմքով զինծառայությունից ազատվելու տարիքային շեմը 20-ից դարձնել 26

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել գիտության ոլորտում նշանակալի հաջողություն ունեցող և այդպիսով տարկետում ստացող անձանց տարիքային շեմ սահմանելու հարցում։

Մասնավորապես նախարարությունն առաջարկում է գիտական հիմքով զինծառայությունից ազատվելու տարիքային շեմը 20-ից դարձնել 26՝ պարբերաբար գիտական հաջողությունները վերահաստատելու չափորոշիչներ սահմանելով։ Ըստ նախագծի՝ նախկինում ունեցած գիտական նվաճումները չեն համարվի բացառիկ, այլ ավելի հաճախ պարբերականությամբ զինծառայությունից ազատված անձը կապացուցի իր առաջադիմությունը գիտության ոլորտում։

«Քաղաքացին, ով ունի նվաճում և ստացել է 2 տարի ժամկետով տարկետում, պետք է շարունակի իր մասնագիտական գործունեությունը, կատարելագործվի, ունենա նոր նվաճումներ և հավակնի նոր տարկետման իրավունքի, և այդպես` մինչև 26 տարին լրանալը, որից հետո միայն, որպես իրապես բացառիկ դեպք, կարող է հավակնել զինվորական ծառայությունից ազատման իրավունքի: Նշված կարգավորումը բացի վերոգրյալից, կնպաստի և կմոտիվացնի քաղաքացուն զբաղվել և կատարելագործվել իր մասնագիտական գործունեության մեջ, ինչը դրական ազդեցություն կունենա այդ ոլորտների զարգացման համար»,-նշված է նախագծի հիմնավորումներում։

Համապատասխան նախագիծը տեղադրված է e-draft-ում։

Մեկնաբանել