«Գագիկ Սողոմոնյան» անվամբ կեղծ էջի գործով կալանավորված Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանն մարտի 5-ին որոշեց կալանքից ազատել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Որոշումը կայացրել է դատավոր Արշակ Վարդանյանը։

Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ Հայաստանում կատարվել է «տոտալ անօրինականություն»:

«Դատարանն արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին առաջադրած մեղադրանքի որևէ հոդվածով հիմնավոր կասկած չկա, դա նշանակում է, որ նա լրիվ անօրինական հիմքերով գտնվել է անազատության մեջ»,- նշեց Պողոսյանը։

Արա Սեղաթելյանը պատմեց, որ կատարվել է մի «աննորմալ ապօրինություն». «Ընդհանուր առմամբ կարող եմ պնդել, որ այս ամբողջ գործընթացը քաղաքական գործընթաց էր»: Սաղաթելյանի խոսքով՝ «գործընթացը կազմակերպվել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից»։

Արա Սաղաթելյանը մեղադրյալ է ներգրավել Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով։ Նրանից զատ այս գործում ներգրավված են ևս երեք քաղաքացիներ, այդ թվում՝ «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը։

Վերոհիշյալ անձինք մեղադրվում են քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար։

Մեկնաբանել