Կառավարության որոշմամբ դադարեցվել է Հայաստանում UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը

Հայաստանի կառավարության որոշմամբ դադարեցվել է Մարին Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ֊ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,- նշեց Աննա Նաղդալյանը։

Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր, որ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ–Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: Շտապողականությունը, ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ–Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով․ «Այլ կերպ ասած՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն ինչ-որ հարցում իրեն ճիշտ չի դրսևորել»,- գրել էր Sputnik Արմենիան։

Տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են շրջանառվում, որ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:

Մեկնաբանել