Իսկ ե՞րբ էր ՀԱԿ-ը ամերիկամետ

Հայ ազգային կոնգրեսից հեռացող գործիչների մոտ կարծես պատճառաբանություններ բերելու յուրահատուկ մրցավազք է սկսվել:

Բնականաբար՝ դրանք մեկը մյուսից ժողովրդասեր, ժողովրդավարասեր, պետականամետ և հայամետ բնույթի են: Այս առումով թերևս առաջատար է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ՀԱԿ-ից հեռանալու հիմնական պատճառն այդ կառույցի ռուսամետությունն է և ԲՀԿ-ի հետ համագործակցությունը:

ՀԱԿ-ից հեռանալուց ընդամենը մի քանի օր հետո «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը հիշել է, որ ՀԱԿ-ը ռուսամետ կառույց է, և իր նման արևմտամետը այդտեղ անելիք չունի: Որ ՀԱԿ-ը երբևէ աչքի չի ընկել արևմտամետ կողմնորոշմամբ և ամեն պատեհ առիթով կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմանը, ոչ ոքի համար նորություն չէ: Ավելին՝ դեռ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ, երբ ՀԱԿ-ը չկար, բայց Արամ Սարգսյանը Լևոն Տեր-Պետորսյանի կողքին էր, առաջին նախագահը Մոսկվա կատարած այցով և հայտարարություններով հստակորեն հասկացնում էր, որ Ռուսաստանը Հայաստանի համար առաջնային գործընկեր է: Մի՞թե այդ ժամանակ և դրանից հետո Արամ Սարգսյանը չի հասկացել ՀԱԿ-ի և առաջին նախագահի արտաքին քաղաքական նպատակահարմարությունները: Երբ Լևոն Տեր-Պետորսյանը տարբեր առիթներով դաժանորեն քննադատում էր արևմտյան կառույցներին, հասարակությունը երբևէ չտեսավ, որ Արամ Սարգսյանը դժգոհություն հայտնի այդ ռազմավարական գծից:

Հեռանալու համար ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության պատճառաբանությունը՝ այն կասկածանքով, որ ԲՀԿ-ի թիկունքում Ռոբերտ Քոչարյանն է, տարօրինակ է: Եթե առանց լուրջ հիմնավորման՝ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ին մեղադրում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մեջ, ապա ինչո՞ւ նա որևէ քննադատություն չէր հնչեցնում, անգամ գովերգում էր 2011թ. գարնանը սկիզբ առած ՀԱԿ-ի լռելյայն երկխոսությունը իշխանությունների, ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի հետ: Մի՞թե այդ երկխոսությունն ավելի պատվաբեր էր, քան ԲՀԿ-ի հետ ազատ և արդար ընտրությունների շուրջ համագործակցության փորձը:

Տպավորություն է, որ մարդիկ, մոռանալով մեկ-երկու տարվա վաղեմության իրադարձությունները, խճճվում են իրենց խոսքերի և պատճառաբանությունների մեջ: Երևի պատճառներից մեկն այն է, որ քաղաքական գործիչներից շատերը դադարել են գործընթացներ գեներացնել կամ դրանց մասնակցել ազնիվ մղումներով և հասարակության շահերից ելնելով: