Շիրակի 2 նախկին համայնքապետեր յուրացրել են անապահով ընտանիքների և ուսման վարձերի փոխհատուցման գումարները

Շիրակի մարզի Զույգաղբյուր և Արեգնադեմ համայնքների նախկին ղեկավարների պաշտոնավարման ընթացքում համայնքապետարաններում ֆինանսատնտեսական բնույթի մի շարք չարաշահումներ են կատարվել, առերևույթ յուրացվել կամ վատնվել են համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների համար, ինչպես նաև ուսման վարձերի փոխհատուցման նպատակով համայնքային բյուջեներից դուրս գրված դրամական միջոցները: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Մասնավորապես, Զույգաղբյուր գյուղի 2008-2016թթ.-ին համայնքապետ Գ.Ս.-ի` համայնքի ղեկավար աշխատած ժամանակահատվածում բյուջեից, որպես ուսանողների ուսման վարձ, դուրս է գրվել ընդհանուր՝ 2,4 մլն ՀՀ դրամ գումար: Նշված գումարից մոտ 1,8 մլն դրամը որպես ուսման վարձ փոխանցելու վերաբերյալ փաստաթղթային հիմքերը, այդ թվում՝ գումարների ելքի օրդերները չկան: Ընդ որում, հատկացումներ են կատարվել նաև համայնքի բնակիչ չհանդիսացող անձանց, համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների հարազատներին, ինչպես նաև համայնքի բնակիչ հանդիսացող, բայց դպրոցը դեռևս չավարտած անձին:

«Բացի այդ, Շիրակի մարզի Զույգաղբյուր համայնքի նախկին ղեկավար Գ. Ս.-ն, երեխաների հանգիստը կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր՝ շուրջ 2 մլն ՀՀ դրամ գումար, ինչը, որպես սոցիալական աջակցություն, չարդարացված կերպով տրամադրել է համայնքի թվով 6 բնակիչներին, այդ թվում՝ իր հետ ազգակցական կապեր ունեցող անձին, համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամին: Սակայն այդ կապակցությամբ կազմված և հաստատված փաստաթղթային հիմքեր առկա չեն»,- նշված է հաղորդագրությունում։

Իսկ Արեգնադեմ համայնքի նախկին ղեկավար Ա.Հ.-ի պաշտոնավարման ընթացքում՝ 2010-2015 թթ., նշված համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու նպատակով, համայնքի բյուջեից անվանական 27 բնակիչների տվյալներով դուրս է գրվել ընդհանուր 1,4 մլն դրամ: Սակայն, նշված բնակիչներն իրենց տրամադրված գումարները չեն ստացել, նրանց այդ գումարները չեն հատկացվել։

Դատախազությունից տեղեկացնում են, որ քրեական գործերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն` նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Մեկնաբանել