Չմիջամտելու և անգործության միջև. ինչպես Ռուսաստանը կարձագանքի Հայաստանի ճգնաժամին

russian peacekeepers-armenia russia flags

Մոսկվայի Կարնեգի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը ծավալուն հոդված է հրապարակել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո և Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի ֆոնին հայ-ռուսական հարաբերությունների վերաբեռնման անհրաժեշտության մասին: Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի ներսում սուր ճգնաժամն արդեն ստիպում է Ռուսաստանի ղեկավարությանը կրկին ուշադրություն դարձնել կովկասյան դաշնակցի վրա՝ այս անգամ ներքաղաքական կայունության տեսանկյունից։ Ավելի լայն առումով, խնդիրը, ըստ երեւույթին, այն է, թե Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ որտեղ պետք է անցնի հարևանների գործերին չմիջամտելու և նրանց ներքին գործերին անտարբեր մնալու սահմանը։

Պատային վիճակի վտանգը

Այն պահից ի վեր, երբ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում կանգ առան 2020-ի նոյեմբերին, Մոսկվան իր առջև մի քանի խնդիր էր դրել, որպեսզի ամրապնդի իր ներկայությունը տարածաշրջանում: Դրանց թվում գլխավորն էր ապահովել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում և ռուսական հովանու ներքո գործարկել հայ-ադրբեջանական երկխոսությունը տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի իրագործման տեսքով։ Կարևոր էր նաև սահմանափակել Թուրքիայի ռազմական դերը, որպեսզի վերջինս դուրս չգար Ռուսաստանի հետ համատեղ տարանջատման գծի հեռավոր մոնիթորինգի սահմաններից։

Այդ նպատակներին հասնելն ավելի հեշտ է, եթե Երևանում իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն է, որը ստորագրել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը։ Այդ պայմաններում Փաշինյանի տապալումը զինադադարը վտանգի տակ կդներ, ինչն իր հերթին կխաթարի Ղարաբաղում ռուսական ռազմական ներկայության իրավական բազան։

Չորս ամիս անց Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը գործում է առանց էական խնդիրների։ Ռուս խաղաղապահները տեղակայվել են իրենց համար նոր տարածաշրջանում, որտեղ փաստացի հայտնվել է Հարավային Կովկասում ՌԴ երկրորդ ռազմակայանը: Գործարկվել է ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը Աղդամում։ Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը, թեև մեծ դժվարությամբ, շարունակվում է։

Միևնույն ժամանակ Հայաստանում քաղաքական անկայունությունն ուժեղացել և խրոնիկ է դարձել։ Ստեղծվել է պատային իրավիճակ։ Վարչապետ Փաշինյանը, որի վրա դրված է անհաջող պատերազմի և Ղարաբաղի կորստի պատասխանատվությունը, վայելում է բնակչության փոքրամասնության աջակցությունը։ Բայց նրա այլընտրանքը՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղարաբաղյան կլանը, մերժվում է քաղաքացիների մեծամասնության կողմից։

Արդյունքում՝ հմուտ պոպուլիստ Փաշինյանը, կարծես թե, միանշանակ պարտված իրավիճակում կարող է մնալ վարչապետի աթոռին։ Իշխանության կաթվածահար վիճակը, սակայն, թանկ է նստում երկրի վրա։

Մոսկվան վաղուց հասկացնել է տվել իր դաշնակիցներին՝ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի գործընկերներին, որ չի ձգտելու նրանց համար լուծել իրենց ներքին խնդիրները, իսկ արտաքին քաղաքականությունում կգործի միայն իր պարտավորությունների շրջանակում։ Կրեմլը ոչ միայն հեղաշրջումներ չի կազմակերպում, որպեսզի իշխանության բերի իր դրածոներին, այլև աներկբա ազդանշան է տալիս, որ դաշնակից պետությունները գլխավորող անձերն իրեն ավելի քիչ են հետաքրքրում, քան կոնկրետ ռուսական շահերը։

Նախկին միութենական հանրապետությունների՝ կայսրության նախկին ծայրամասերի հանդեպ Մոսկվայի մոտեցման նման էվոլյուցիան մերձավոր արտասահմանում ռուսական արտաքին քաղաքականության ամուր ռեալիզմի նշանն է։

Ռեալիզմը, սակայն, չի նշանակում հեռավորության պահպանում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռուսական շահերին։ Ռազմական ջախջախումից նվաստացման և գործող իշխանության ու ընդդիմության նկատմամբ հիասթափության ֆոնին հայ հասարակությունում ուժեղանում է անվստահությունը Ռուսաստանի նկատմամբ։

Մոսկվային կշտամբում են այն բանի համար, որ նա չաջակցեց դաշնակցին պատերազմի ընթացքում, թեև Հայաստանի ռուսական երաշխիքները երբեք չեն տարածվել Ղարաբաղի վրա, ինչի մասին Երևանում լավ գիտեն։ Կշտամբում են այն բանի համար, որ Ռուսաստանը Երևանի և Բաքվի միջև հավասար միջնորդ է եղել, թեև դա երբեք չի թաքցվել, քանի որ համապատասխանում է ռուսական ազգային շահերին։ Այն բանի համար, որ Մոսկվան, ըստ առկա կասկածների, բարեհաճ է վերաբերվում 2018-ին տապալված քաղաքական գործիչներին և պատրաստ է օգնել նրանց վերադառնալ իշխանության, երբ Փաշինյանը կատարում է ծանր և անշնորհակալ աշխատանք՝ կապված Ղարաբաղում պարտության հետևանքների ամրապնդման հետ:

Նման պայմաններում Ռուսաստանի համար դժվար է հույս փայփայել, որ հայ հասարակությունը երախտապարտ կլինի նրան, որ թույլ չի տվել Հայաստանի վերջնական ջախջախումը և Ղարաբաղից հայերի լիակատար հեռացումը։

Ռուսաստանի շահերը Հայաստանում

Մինչև հասկանանք՝ ինչպես գործել այս իրավիճակում, պետք է հասկանալ, թե որքան կարևոր են Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունները առանցքային ոլորտներում՝ աշխարհաքաղաքականություն, անվտանգություն, տնտեսություն և հումանիտար կապեր։ Այլ կերպ ասած՝ պետք է պատասխանել այն հարցին, թե արդյոք արժե Հայաստանում ռուսական դիրքերն ակտիվորեն պաշտպանել։

Աշխարհաքաղաքական առումով Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, Ռուսաստանի եզակի դաշնակիցներից ու գործընկերներից է միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ում և այլ հարթակներում Երևանը սովորաբար քվեարկում է Մոսկվայի հետ համահունչ։

Այդ աջակցությունը բացարձակ չէ. Հայաստանը չի ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանից։ Բացի այդ, Հայաստանը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, ինչպես նաև Ֆրանսիայի և ԵՄ այլ երկրների հետ, որոնց հետ կնքել է տնտեսական ասոցացման եւ Արեւելյան գործընկերությանը միանալու մասին համաձայնագրեր:

Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ու տնտեսական միությանը կրիտիկական չէ այդ միավորումների համար։ Այդուհանդերձ, հարավկովկասյան փոքր պետության հետ դաշնակցությունն ու գործընկերությունը քաղաքական արժեք է ներկայացնում Մոսկվայի համար։

19-րդ դարի սկզբին Էրիվանի նահանգը ռուսական ցատկահրապարակ էր և գործում էր Օսմանյան և Պարսկական կայսրությունների ուղղությամբ։ Սառը պատերազմի ժամանակ Հայկական ԽՍՀ-ն խորհրդային ֆորպոստ էր ՆԱՏՕ-ի Թուրքիայի և տևական ժամանակ ամերիկամետ Իրանի հետ սահմաններին։

Խորհրդային Միության փլուզումից հետո իրավիճակն արմատապես փոխվեց։ Ռուսաստանը Գյումրիում ռազմակայան ունի, սակայն այդ բազայի հիմնական նպատակը Հայաստանի անվտանգությունը ոչ բարեկամական հարեւաններից՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից ֆիզիկապես երաշխավորելն է։

Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի անվտանգության սահմանագիծը անցնում է հենց Ռուսաստանի հարավային և նրա փաստացի ռազմական պրոտեկտորատների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմաններով: Ռուսական 102-րդ ռազմաբազան հարավում է, որին մատչումը հնարավոր է միայն այն պետությունների տարածքով, որոնց բարեկամությունը Ռուսաստանի նկատմամբ կամ ամբողջությամբ չկա (Վրաստան), կամ պայմանական է (Ադրբեջան, Թուրքիա, Իրան) ։

Իհարկե, ՌԴ ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանում կարող է որոշակի օգուտ բերել Ռուսաստանին՝ կայունացնելով իրավիճակը տարածաշրջանում։ Հայաստանի համար այդ ներկայությունը պետության արտաքին սահմանների երաշխիքն է։

Ավելին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը վերածվեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության թիկունքային բազայի։ Իսկ ռուսական ռազմական խաղաղապահությունը տարածաշրջանում թույլ է տալիս Մոսկվային վերահսկել անհաշտ հակամարտության վտանգավոր օջախը, որը, ինչպես վերջերս ականատես եղանք, կարող է Կովկաս ներգրավել Մերձավոր Արևելքից գրոհայիններին և ահաբեկիչներին, նույնիսկ հանգեցնել Ռուսաստանի և Թուրքիայի ուղղակի բախման:

Որոշակի պայմաններում Հայաստանի դիրքորոշումը կարող է հիմք դառնալ Ռուսաստանի համար Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հակաահաբեկչական գործողությունների համար։ Այսպիսով, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, այսինքն՝ Ադրբեջանի դե յուրե տարածքում, էական նշանակություն ունի կովկասյան ուղղությամբ Ռուսաստանի անվտանգության համար։

Տնտեսական առումով Հայաստանը փոքր է։ Ռուսաստանի առեւտրային գործընկերների ցանկում այն գտնվում է հինգերորդ տասնյակում: Հայաստանը, սակայն, մտավոր մեծ ռեսուրսներ ունի, իսկ սփյուռքի շնորհիվ՝ Արեւմուտքի և Մերձավոր Արեւելքի գործընկերների հետ լայն կապեր։

Հայկական բիզնեսը լայն իմաստով կարող է հետաքրքիր գործընկեր լինել ռուսական բիզնեսի համար մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև բանկային ոլորտ։ Ռուսաստանի վրա Արեւմուտքի պատժամիջոցների ճնշման պայմաններում այդ համագործակցությունը կարող է որոշակի հետաքրքրություն ներկայացնել։

Վերջապես, հումանիտար առումով Ռուսաստանն ու Հայաստանը սերտորեն կապված են։ Ռուսաստանում, տարբեր տվյալներով, ապրում է 1,2-ից 2 միլիոն հայ։ Պատմականորեն ուղղափառ Ռուսաստանը պաշտպանել է հայ քրիստոնյաներին, իսկ շատ հայեր՝ պետական գործիչներ, զորահրամանատարներ, գիտնականներ, երաժիշտներ, նկարիչներ, մեծ դեր էին խաղում ռուսական պետության պատմության մեջ, մեծ Ռուսաստանի իսկական հայրենասերներ էին։

Այսօրվա Ռուսաստանում, ինչպես ցույց տվեցին 2020-ի իրադարձությունները, չկա «հայկական կուսակցություն», ինչպես նաև չկան այլ էթնիկ լոբբիներ, որոնք կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության վրա։ Դա միանշանակ լավ է, այդպես պետք է մնա նաև այսուհետ, բայց ՌԴ իշխանությունները չեն կարող չպետք է անտեսեն (հայ) հայրենակիցների զգալի խմբի զգացմունքները։

Այս համառոտ թվարկումը բավական է Ռուսաստանի համար Հայաստանի էական, թեև ոչ կրիտիկական նշանակության մասին թեզը հաստատելու համար։ Մոսկվայի արտաքին քաղաքականությունը հիմնված է, իհարկե, ոչ թե հույզերի և պատմական հիշողությունների, այլ պետության հիմնարար արժեքների և ազգային շահերի վրա։ Լինելով պրագմատիկ մարտավարական մակարդակում՝ այն կոչված է պահպանելու ռազմավարական հավասարակշռությունը։

Հարավային Կովկասի պարագայում, Հայաստանի հետ սերտ կապերով հանդերձ, որոնք անհրաժեշտ է պահպանել և զարգացնել, Ռուսաստանի համար կարևոր են հարևան Ադրբեջանի և տարածաշրջանային տերության՝ Թուրքիայի հետ հարաբերությունները։ Թող այդ հարաբերությունները որակապես այլ լինեն, քան Հայաստանի հետ, բայց դրանք ակնհայտորեն պակաս կարևոր չեն։

Կառուցողական չմիջամտություն

Մոսկվան, անշուշտ, պետք է հարգի հայկական պետության ինքնիշխանությունը, որի ճակատագիրն ու քաղաքական ընտրությունը որոշում է հայ ժողովուրդը, և միայն նա։ Թելադրանքից, գործընկերներին ու դաշնակիցներին իր կամքի կոպիտ պարտադրումից հրաժարվելն ամուր հաստատվել է որպես ռուսական հետխորհրդային քաղաքականության սկզբունք։

Միևնույն ժամանակ, ճիշտ չէ մերձավոր հարևանների մոտ ընթացող գործընթացներից ամբողջությամբ վերացարկվել։ Վերջին երեք տասնամյակների փորձը վկայում է, որ արդյունավետ քաղաքականությունը մշտական կապ է պահանջում միութենական երկրներում քաղաքական և հասարակական բոլոր նշանակալի ուժերի հետ, այլ ոչ թե միայն նրանց հետ, ովքեր իշխանության ղեկին են կամ հատուկ կապեր ունեն Մոսկվայի հետ։

Իր սահմաններից դուրս Ռուսաստանը պետք է աջակցի ոչ թե կոնկրետ ուժերին կամ անհատներին, այլ սեփական շահերին։ Միշտ չէ, որ նրանք, ովքեր ամենաշատն են ցանկանում դուր գալ Մոսկվային կամ որոնց նյութական շահերն ամենից շատ կապված են Ռուսաստանի հետ, ՌԴ-ի համար առավել արդյունավետ գործընկերներ են։ Պետք է ուշադիր հետևել հարևան երկրներում քաղաքական էլիտաների շարժումներին՝ նշմարելու առավել հեռանկարային գործընկերներին։

Առավել ընդլայնելով շփումները՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ երկրներում ռուսական դեսպանատները կարող են բարձրացնել իրենց հեղինակությունը և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Մոսկվայի կողմից համապատասխան արտաքին քաղաքական որոշումների մշակմանը։ Մինսկում և Նուր-Սուլթանում, Բիշքեկում և Դուշանբեում, ինչպես նաև Երևանում ՌԴ դեսպանատների նշանակությունը պետք է էապես բարձրացնել։ Նախկին միութենական այդ կենտրոնները Մոսկվայի համար նոր պայմաններում ավելի կարևոր են դարձել եվրոպական շատ մայրաքաղաքներից։

Ղարաբաղյան պատերազմի և Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակը պահանջում է ռուս-հայկական հարաբերությունների վերաբեռնում։ Իսկ նման վերագործարկման համար Մոսկվային պետք է հուսալի գործընկեր Երևանում։ Հուսալի չի նշանակում, որ ամեն ինչում զիջող: Նման գործընկերը չի կարող կառավարել երկիրը և միայն կվնասի Ռուսաստանի շահերին։ Ապավինել կարելի է միայն ինչ-որ կայուն և ամուր գործընկերոջ:

Ո՛չ Փաշինյանը, ո՛չ Քոչարյան-Սարգսյան զույգը տարբեր պատճառներով, բարեբախտաբար կամ ցավոք, չեն կարող նման գործընկերներ դառնալ։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանում հայտնվել հստակ ուժ, որն ի զորու է համախմբել պառակտված, հոգնած, հիասթափված հասարակությանը և միաժամանակ դառնալ Մոսկվայի լուրջ գործընկերն ու ռազմավարական դաշնակիցը։ Առայժմ այդ ուժը չի երևում, բայց այն պետք է համառորեն փնտրել, իսկ գտնելիս՝ անհրաժեշտության դեպքում օգնել նրան։

Մեկնաբանել