Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Նախաքննությունն ավարտվել է, Վազգեն Մանուկյանին և նրա պաշտպանին հայտնվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործի նյութերը տրամադրվել են նրանց՝ ծանոթացման: Այս մասին հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեն։

«2021թ. մարտի 9-ին որոշում է կայացվել`Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Մեղադրանքը լրացվել է 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: