«Հաքիմ Փաշա». ով է Վրաստանի նոր (հին) վարչապետը

Իրակլի Ղարիբաշվիլին և Բիձինա Իվանիշվիլին

Փետրվարի 22-ին Վրաստանի խորհրդարանը 89 կողմ և 2 դեմ ձայներով իր վստահությունը հայտնեց իշխանության ներկայացրած՝ վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիին և կառավարություն ձևավորեց, որում ներառված են ինչպես գործող նախարարներ, այնպես էլ նոր թեկնածուներ:

Կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն երկրում առաջացավ այն բանից հետո, երբ վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի կալանավորման պատճառով: Գախարիան հրաժարականի իր խոսքում հայտարարեց, որ չի կարողացել իր թիմակիցներին համոզել չկալանավորել Մելիային՝ «ոչ նրա համար, որ Մելիան անմեղ է, այլ այն պատճասռով, որ ընդդիմադիր առաջնորդի կալանավորումը առանց այն էլ ոչ խաղաղ պայմաններում նոր գործընթացների սկիզբ կարող է հանդիսանալ»:

Ո՞վ է Իրակլի Ղարիբաշվիլին

Վրաստանի նորանշանակ վարչապետն այս պաշտոնը զբաղեցնում է երկրորդ անգամ: Նա իր քաղաքական կարիերան սկսել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ: Երբ 2013 թվականին Իվանիշվիլին իր հրաժարականից հետո Ղարիբաշվիլիին ներկայացրեց որպես իրավահաջորդ, վերրջինս զբաղեցնում էր Վրաստանում ամենաազդեցիկ նախարարության՝ ներքին գործերի գերատեսչության ղեկավարի պաշտոնը:

Ղարիբաշվիլին իշխող կուսակցության համահիմնադիր է: Ինչպես այսօր գործող պաշտոնյաների մեծամասնությունը՝ նա քաղաքական դաշտում հայտնվել է «Քարթու գրուպի» միջոցով, որը պատկանում է Բիձինա Իվանիշվիլիին:

«Իրակլիի հետ ծանոթացել եմ, երբ ֆրանսիացիներից առաջին ուղղաթիռն էի գնում: Այդ ժամանակ ֆրանսիացիները ասում էին՝ ո՞վ է այս մարդը, միգուցե Ֆրանսիա գա, նախ՝ այսքան լավ ֆրանսերեն որտե՞ղ է սովորել, իսկ հետո՝ նման առևտուր անել որտեղի՞ց գիտի»,- Ղարիբաշվիլիին որպես վարչապետի թեկնածու հայտարարելու ժամանակ ասել էր Իվանիշվիլին: Ղարիբաշվիլին պաշտոնավարեց մոտ երկու տարի և 2015 թվականին անսպասելիորեն հրաժարական տվեց:

Ղարիբաշվիլին հանդիսանում է այսպես կոչված «կախեթական կլանի» առաջնորդը: 2015 թվականին փորձագետները հայտարարում էին, որ հրաժարականի պատճառներից մեկն այն է, որ երկրի իրական կառավարիչ Բիձինա Իվանիշվիլիին դուր չէր գալիս «կախեթական կլանի» հզորացումը, և այս քայլով նա փորձել է հավասարակշռել քաղաքական վերնախավը: «Կախեթական կլանի» անդամ են հանդիսանում Ղարիբաշվիլիի կնոջ հայրը` Կախեթիի նախկին ոստիկանապետ Թամազ Թամազաշվիլին, Գլխավոր տեսչության նախկին ղեկավար Զվիադ Ջանկարաշվիլին, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գիորգի Զեդելաշվիլին և այլ բարձրաստիճան ուժայիններ:

Բացի քաղաքական պայքարից, այսպես կոչված կլանը ապօրինի տնտեսական գործունեություն էր ծավալում. լրատվամիջոցներում բազմիցս տեղեկություններ էին հրապարակում, որ այդ տարիներին տենդերների մեծամասնությունը ստանում էին կլանի հետ փոխկապակցված կազմակերպություններ: Երբ ընդդիմադիր գործիչներից մեկը Ղարիբաշվիլիին ներկայացրեց նրա բարեկամների ցուցակը, որոնք տարբեր պաշտոններ էին զբաղեցնում, այդ ժամանակվա վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարեց՝ «կնոջ բարեկամները բարեկամներ չեն»:

«Հաքիմ Փաշա»

Վրաստանում Ղարիբաշվիլին հայտնի է նաև «Հաքիմ Փաշա» անունով: 2014 թվականին Youtube-յան օգտատերերից մեկը՝ «Հաքիմ Փաշա» անունով, տեսանյութ էր հրապարակել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան վայրից: Տեսանյութը վերնագրված էր «Սաակաշվիլին մարդասպան է»: Այն ժամանակ ընդդիմությունը պնդում էր, որ նշված նկարները հրապարակել են իշխանությունները: Նույն թվականին, երբ խորհրդարանում լսում էին վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիիին, ընդդիմադիրների հարցին ի պատասխան՝ նա քմծիծաղով հայտարարել էր, որ այդ տեսանյութը ինքն է հրապարակել:

«Մենք գիտենք, որ Զուրաբ Ժվանիայի դին հայտնաբերվել է բավականին տարօրինակ պայմաններում: Նրա մարմնի վրա բազում վնասվածքներ են երևում նաև հրապարակված տեսանյութում»,- ասել էր Ղարիբաշվիլին: Տեսանյութը հրապարակած մարդու ինքնությունն այդպես էլ չհրապարակվեց, բայց փաստ է, որ նկարները հասանելի էին միայն հետաքննություն իրականացնող մարմնին` ներքին գործերի նախարարությանը, որի ղեկավարը հենց Ղարիբաշվիլին էր:

«Վրացական քայլերթ»

Ղարիբաշվիլիի անվան հետ է կապված կեղծ ազգայնական «Վրացական քայլերթ» կուսակցությունը։ Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության՝ հենց Ղարիբաշվիլին է հանդիսանում «Քայլերթի» հեղինակը, որը համարվում է «Ռուսական քայլերթի» կրկնօրինակը: Այս կազմակերպությունը ստեղծվել է «Վրացական երազանքի» քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելու համար: «Վրացական քայլերթը» բազմիցս հանդես է եկել «Բաց հասարակություններ-Վրաստան» հասարակական կազմակերպության դեմ, այդ թվում՝ ցույցեր անցկացրել կազմակերպության գրասենյակի մոտ և պահանջել «փակել ազգակործան կազմակերպությունը»:

«Վրացական քայլերթի» առաջնորդներից մեկը՝ Սանդրո Բրեգաձեն, Ղարիբաշվիլիի ընկերն է: Ղարիբաշվիլիի առաջին կառավարությունում նա զբաղեցրել է Սփյուռքի հարցերով պետնախարարի տեղակալի պաշտոնը:

Ինքը՝ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնի է որպես գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» դեմ իր կոշտ հայտարարություններով և քայլերով: Վարչապետ նշանակվելուց հետո Ղարիբաշվիլին արդեն երկու անգամ հայտարարել է, որ ժամանակն է «կարգավորել երկիրը»՝ նկատի ունենալով հենց Մելիայի կալանավորումը: Ղարիբաշվիլին նաև հայտնել է, որ այլևս ոչ մի բանակցություն չի պատրաստվում վարել ընդդիմադիրների հետ, քանի որ «նրանք ապակառուցողական ուժեր են», սակայն կարծիքը փոխել է, երբ Վրաստան է այցելել Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելը: Ի տարբերություն նախորդ բանակցությունների՝ այս անգամ իշխանությունը ներկայացնում էր ոչ թե խորհրդարանի խոսնակը կամ կուսակցության ղեկավարը, այլ հենց ինքը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Մեկնաբանել