Զինված ուժերի ղեկավար կազմի հայտարարությունը

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրել է Զինված ուժերի ղեկավար կազմի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։

Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»,- ասված է ԶՈւ ղեկավար կազմի հայտարարության մեջ։

Ավելի վաղը գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն էր ուղերձ հղել՝ նշելով, որ առկա ճգնաժամի լուծումը հնարավոր է ապահովել բացառապես վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Գասպարյանը նաև տեղեկացրել էր, որ դիմելու է վարչական դատարան, քանի որ իր՝ պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական է․ «Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման»,- նշված էր Օնիկ Գասպարյանի ուղերձում։

Կառավարությունը հայտարարություն էր տարածել Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»,- ասված էր Կառավարության հայտարարությունում։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել, որով պահանջում էր կառավարության և վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունից հետո վարչապետը նույն օրը նախագահին էր ներկայացրել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ կցելով հրամանագրի նախագիծը: Փետրվարի 27-ին Հանրապետության նախագահը առարկություններով հետ էր ուղարկել նշված նախագիծը: Նախագահի ներկայացրած առարկությունները վարչապետը չէր ընդունել, ինչի մասին փետրվարի 28-ին գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով: