Գլխավոր շտաբի պետ կնշանակվի Արտակ Դավթյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

Արտակ Դավթյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2020 թթ․։ 2020 թ․ հուլիսի 16-ին վարչապետի որոշմամբ նա նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, ապա նոյեմբերի 11-ին ազատվել է այդ պաշտոնից: Արտակ Դավթյանը երեկ՝ մարտի 9-ին, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

Կառավարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»,- ասված էր Կառավարության հայտարարությունում։