«Լուսավոր Հայաստան»-ն իշխանության հետ այլևս հուշագիր չի կնքի․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան»-ն իշխանության հետ այլևս հուշագիր չի կնքի․ այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պարզաբանելով, որ այս փուլում «այն առաջարկութունը, որն իրենք ներկայացրել են, այլևս ուժի մեջ չէ»։

«Այս փուլում մեր ներկայացրած առաջարկն այլևս ուժի մեջ չէ», – նշեց պատգամավորը:

Մարուքյանը, միևնույն ժամանակ, նկատեց, որ արտահերթ ընտրություններն իրենց օրակարգում են, դրանք, Մարուքյանի խոսքով, երկիրը ճգնաժամից հանելու միակ ելքն են։

Անդրադառնալով հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուն՝ Մարուքյանն ասաց, որ «հակասահմանադրական հարց է տեսել նախագահը»։

«Ես ասում եմ, որ գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է, որովհետև Սահմանադրական դատարանը գործը վարույթ ընդունելիս կարող է կասեցնել վարչապետի հայտարարության իրավական ուժի մեջ մտնելը, քանի դեռ նշված իրավակարգավորումների հարցը չի որոշվել։ Սահմանադրական դատարանը հենց հիմա կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը կարող է պաշտոնավարել։ Պետք է սպասել, որ ՍԴ-ն դա քննարկման առարկա դարձնի։ Նախագահը հնարավորություն է ստեղծել, որ ՍԴ-ն, եթե քայլ ունի արդարադատության համատեքստում, կատարի»,- նշեց Մարուքյանը։

Նա հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է մի առաջարկ, որը իրավիճակի ելքին է վերաբերում․ «Պետք է բոլոր կողմերը գնան զիջումների և ունենանք լուծում։ Ելքը հետևյալն էր՝ Գլխավոր շտաբին իր տեղում թողնել հանգիստ։ Այդ քայլին ի պատասխան՝ մենք պատրաստ էինք վարչապետի պահանջած հուշագիրը կնքել։ Մենք դրսևորել ենք բարի կամք՝ ճգնաժամից լուծում ենք առաջարկել, ինչը մերժվել է․ մեր մեկնած ձեռքը թողնվել է անպատասխան։ Այս պահին մեր առաջարկությունը իր ուժը կորցնում է»։

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը նկատեց, որ խորհրդակցություններ վարելու հարցում որևէ արգելակ չունի, և կշարունակի քննարկումները քաղաքական ուժերի հետ։

Մեկնաբանել